NEWS.am-ը մասնակի կրճատումներով ներկայացնում է Գիյոմ Պերյեի հոդվածը, որը հրապարակվել է ֆրանսիական «Le Monde»-ում:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին զոհը դարձավ անմեղ արձանը:
«Մարդկայնության հուշարձան» 30 մետրանոց կոթողը, որը Հայաստանին սահամանակից Կարսի բարձունքներում պետք է նպաստեր երկու երկրների հաշտեցմանը, կառավարության ղեկավարի կողմից որակվեց որպես «ահավոր»:

Այդ արտահայտությունը զարմանք է առաջացնում, քանի որ արվել է Մուստաֆա Քեմալի հազարավոր հուշարձաններով այլանդակված երկրում: Սակայն Կարսում պատճառը ոչ այնքան արձանի գեղագիտությունն է, որքան գտնվելու վայրը:

«Նրանք ինչ-որ տարօրինակ ու ահավոր բան են կառուցել թուրքական իսլամի 11-րդ դարի գործիչ Էբուլ-Հասան Հարականիի դամբարանի հարեւանությամբ»,- ափսոսանք հայտնեց Էրդողանը: Կարսի քաղաքապետ, «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամը կանի իր աշխատանքը եւ կվերացնի խայտառակությունը եւ արձանի տեղը գեղեցիկ զբոսայգի կստեղծի` հրամայեց վարչապետը: Անավարտ ստեղծագործության քանդումը կարծես թե անխուսափելի է:

Խաղաղության կոչ

Այդ արձանը կանգնեցնելու որոշումը 2005-ին ընդունել էր Կարսի նախկին քաղաքապետ Նայիֆ Ալիբեյօղլուն, որը Հայաստանի հետ հաշտեցման վճռական կողմնակից է: Հարյուր հազար մարդ էր ստորագրել նրա հանրագիրը, որով կոչ էր արվում բացել 1993-ին փակված Հայաստանի հետ սահմանը: Հայոց ցեղասպանությունն ու Թուրքիայի կողմից դրա հերքումը հարյուր տարի անց շարունակում են փակել հաշտեցման ճանապարհը:

«Այդ արձանը խաղաղության կոչ էր»,- ասել է Ալիբեյօղլուն: Սակայն այդ նախաձեռնությունը կատաղեցրել է թուրք ազգայնականներին, որոնք դեմ են հանդես գալիս բոլոր զղջումներին: Հուշարձանների ազգային հանձնաժողովը, որը հավանություն էր տվել շինարարությանը այժմ հրաժարվել է իր կարծիքից:

«Սա հայկական արձան է: Թուրքիան ամաչելու պատճառ չունի»,- այս շաբաթ բղավում էր տեղի ծայրահեղական ազգայնական կուսակցության առաջնորդ Օքթայ Ակթասը:

«Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բախչելին, որը նախորդ ամիսներին բազմիցս եղել է Կարսում, այդ թվում մասնակցել է հին հայկական թագավորության մայրաքաղաք Անիի հայկական եկեղեցիում սադրիչ աղոթքին խորհրդարանական ընտրություններից վեց ամիս առաջ Էրդողանին դրդեց ազգայնական սակարկության: