ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հայտարարել է երկու երկրի միջև լայնածավալ տնտեսական համագործակցության հեռանկարների մասին՝ ուկրաինական հակամարտության ավարտից հետո։ Զրույցի մասին հայտնել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է ТАСС-ը։
Ըստ նրա՝ Թրամփն ընդգծել է, որ ցանկալի է՝ հակամարտությունը հնարավորինս շուտ դադարեցվի, որից հետո, ինչպես նա է կարծում, կբացվեն ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունների վերականգնման նշանակալի հնարավորություններ։
«Դոնալդ Թրամփը հստակ առաջ էր տանում այն միտքը, որ ցանկալի է հնարավորինս շուտ դադարեցնել հակամարտությունը, ինչը միանգամից տպավորիչ ու լայնածավալ հեռանկարներ կբացեր ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունների լիարժեք վերականգնման համար։ Հատկապես, նրա կարծիքով, դա կանդրադառնար առևտրատնտեսական կապերի վրա՝ խոստանալով վիթխարի օգուտներ երկու պետության համար»,- հայտնել է Ուշակովը։
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Մոսկվա և Կիև աշխատանքային այցերից հետո, որտեղ նրանք եղել են սեպտեմբերի 5-ին և 6-ին։
Ըստ Ուշակովի՝ Պուտինն ու Թրամփը քննարկել են այդ ուղևորությունների արդյունքները և ընդհանուր առմամբ դրանք դրական գնահատել։





























