Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Դանիայի եւ Շվեյցարիայի խոշորագույն համալսարանների գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ բորոտության հայրենիքը հավանաբար եղել է Եվրոպան, այլ ոչ թե Չինաստանը եւ Հեռավոր Արեւելքը, ինչպես նախկինում համարվում էր: Այս մասին հաղորդում է բրիտանական The Guardian թերթը:

Ըստ հրատարակության՝ հետազոտողները վերլուծել են բորոտությանը հատուկ փոփոխություններով մոտ 90 կմախք: Այս բոլոր մնացորդները, որոնք գտնվել են Հին մայրցամաքում, թվագրվում են մ.թ. 400-ից մինչեւ 1400 տարվա: Գենետիկական փորձաքննության շնորհիվ գիտնականները կարողացել են հայտնաբերել Հանսենի բացիլի 10 նոր գենոմ, որը համարվում է բորոտության հիմնական հարուցիչը:

Պարզվել է նաեւ, որ Եվրոպայում գոյություն են ունեցել այս հիվանդության ներկայումս 4 հայտնի շտամներից 3-ը, այլ ոչ թե 2-ը, ինչպես ավելի վաղ, կարծում էին գիտնականները:

Եվրոպայում բորոտության նման գենետիկական բազմազանությունն ըստ հետազոտողների, կարող է վկայել այն մասին, որ երկրագնդի հենց այս հատվածում է բորոտություն հիվանդությունն առաջացել: