Գազայի հատվածի սահմանագծում սկսված բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան 1000 երեխա է վիրավորվել, հաղորդում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ): «Մարտի 30-ից Գազայի հատվածում բռնության հետեւանքով ավելի քան 1000 երեխա է վիրավորվել: Վնասվածքների մեծ մասը ծանր են եւ կարող են կյանքի փոփոխության հանգեցնել, այդ թվում նաեւ՝ անդամահատության»,- նշվում է զեկույցում:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտնում է, որ Գազայի հատվածում տեղի ունեցած վերջին իրադարձություններն ավելացրել են ծանրաբեռնվածությունն այդ շրջանի առողջապահական համակարգի վրա, որը տառապում է էլեկտրաէներգիայի անջատումներից, վառելիքի, դեղորայքի եւ բժշկական սարքավորումների բացակայությունից: Հիվանդանոցները չեն կարողանում օգնություն ցուցաբերել  մեծ թվով ծանր վնասվածքներով հիվանդներին:

Չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը երկու բեռնատարով բժշկական օգնություն էր ուղարկել Գազայի հատված, այդ թվում նաեւ՝ հակաբիոտիկները: Այն պետք է բավարար լինի 70 հազար մարդու համար:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում բոլոր կողմերին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Գազայի հատվածում երեխաների պաշտպանության համար: