Բրազիլիայի նախագահ Միշել Թեմերը չի մասնակցի հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին եւ կաջակցի ֆինանսների նախկին նախարար Էնրիկե Մեյրելեսի թեկնածությանը, հաղորդում է Correio Braziliense թերթը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պարբերականի համաձայն՝ Բրազիլիայի Ժողովրդավարական Շարժման կուսակցությունից Մեյրելեսի թեկնածության մասին Թեմերն ավելի ուշ կհայտարարի երեքշաբթի օրը:

Ավելի վաղ բրազիլական լրատվամիջոցները հաղորդել էին, որ մարտին Մեյրելեսը հրաժարական էր տվել ֆինանսների նախարարի պաշտոնից՝ մտադրություն ունենալով մասնակցել նախընտրական քարոզարշավին:

Բրազիլիայում համընդհանուր (նախագահական եւ խորհրդարանական) ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 7-ին: Անհրաժեշտության դեպքում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին: