ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն եւ ոստիկանությունն անցկացրել են խոշորագույն գործողությունը մաֆիայի դեմ: Նյու Յորքում, Նյու Ջերսիում եւ Ռոդ Այլենդում մեկ օրում ձերբակալվել է ավելի քան 120 կասկածյալ:

Գործողությանը մասնակցել են ՀԴԲ-ի, ոստիկանության եւ հատուկ ծառայությունների մոտ 800 աշխատակիցներ: ՀԴԲ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ գործողությունը սկսվել է սպանությունների, թմրանյութերի վաճառքի, ապօրինի խաղատնային բիզնեսի կազմակերպման հետ կապված բազմաթիվ քրեական գործերի քննությունից հետո, գրում է Newsru.com-ը:

Հաջողվել է ձերբակալել Նյու Յորքի բոլոր հինգ մաֆիոզ ընտանիքների եւ Նյու Ջերսի նահանգի մեկ ընտանիքի գլխավոր դեմքերին: Գամբինո, Կոլոմբո, Բոնանո, Ջենովեզե եւ Լյուչեզե ընտանեկան սինդիկատների դեմ պայքարը հաջողությամբ է պսակվել ավելի վաղ ձերբակալված Բոնանո կլանի ղեկավարի տեղակալ Սալվատորե Վիտալեի եւ ՀԴԲ-ի համագործակցության շնորհիվ: