Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը զարմանալի հաղթանակի է հասել, հիմա նա պետք է արագ արդյունք ցույց տա: Այս մասին European Policy Centre վերլուծական կենտրոնի կայքում հրապարակված հոդվածում նշում են վերլուծաբաններ Ամանդա Փոլը եւ Դենիս Սամութը:

Նրանց խոսքով՝ չնայած Փաշինյանն արդարացիորեն որոշեց ներքին սոցիալ-տնտեսական բարեփոխումների եւ կառավարման բարեփոխումների առաջնահերթությունները, արտաքին եւ պաշտպանության քաղաքականությանը, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցերը օրակարգում են մնում: Չնայած ժառանգորդությունը կարող է կարճաժամկետ հեռանկարում գործել, Փաշինյանը վերջնարդյունքում ստիպված կլինի այս հարցերում ինքն իր տերը դառնալ:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, վերլուծաբաններն ընդգծում են, որ 2 տասնամյակում Փաշինյանն առաջին հայ առաջնորդն է, որը ծագումով Ղարաբաղից չէ: «Ղարաբաղի հարցում տարաձայնությունները Հայաստանի հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարությանը շեղեցին: Փաշինյանը, կարծես, որոշել է նման բան իր կառավարության դեպքում թույլ չտալ»,- նշում են վերլուծաբանները՝ հավելելով, որ շփման գծում իրավիճակը արտասովոր հանգիստ է, որը ձեռնտու է Փաշինյանին:

«Սակայն իրավիճակը կայուն չէ, իսկ միջադեպերն անխուսափելի են եւ կարող են հեշտությամբ վերահսկողությունից դուրս գալ: Ադրբեջանի համբերությունը եւս հազիվ թե պահպանվի: Հակամարտության միջազգային կարգավորումը երբեք այսքան կարեւոր չի եղել»,- նշում են նրանք:

Վերլուծաբանները նշում են, որ Ռուսաստանը զգուշավոր արձագանքեց Հայաստանի քաղաքականության մեջ փոփոխությանը, նույնիսկ եթե դրանք Կրեմլում խանդավառությամբ չընդունվեցին: «Վերջին հաշվով, Ռուսաստանի դիրքորոշումն անվտանգ է նրա կողմից Հայաստանի տնտեսության վերահսկողության եւ անվտանգության ապահովման մեջ վիթխարի բաժնեմասի պատճառով: Այլընտրանքային սցենարների բացակայությունը մենեւրելու քիչ հնարավորություններ է տալիս նրանց, ովքեր իշխանության են»,- նշում են նրանք՝ հավելելով, որ Մոսկվային կարող են դուր չգալ Փաշինյանի բարեփոխումները, հատկապես եթե դրանք սպառնան Ռուսաստանի տնտեսական շահերին:

«Փաշինյանի հետ մեղրամիսը կարող է կարճատեւ լինել»,- նշում են նրանք:

Ինչ վերաբերում է ԵՄ-ին, ապա վերլուծաբանները կարծում են, որ Հայաստանի յուրահատուկ իրավիճակը ԵՄ-ից պատասխան է պահանջում: Արտաքին հարաբերությունների եվրոպական ծառայությունը պետք է թիրախային խումբ ստեղծի՝ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի նախագահությամբ որոշելու համար Հայաստան-ԵՄ համաձայնագրի ուղղությունները, որոնց հնարավոր կլիներ արագ հետեւել: Նրանք նաեւ պետք է տեխնիկական օգնություն ցուցաբերեն եւ կարեւորագույն ոլորտներում ու հատվածներում պրոֆեսիոնալ պատարաստություն ապահովեն: Այս նոր թիրախային խումբը պետք է ժամանակի առումով սահմանափակված լինի եւ աշխատի միայն 12-ից մինչեւ 18 ամիս ֆիքսված ժամկետի ընթացքում»,- կարծում են փորձագետները: