Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) գլխավոր վեհաժողովում բանաձեւ է ընդունվել Վենեսուելայում տիրող իրավիճակի վերաբերյալ, որը հնարավորություն է տալիս կասեցնել այդ երկրի անդամակցությունը կազմակերպությանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«ԱՊԿ-ի վեհաժողովը 19 «կողմ», 4 «դեմ» եւ 11 ձեռնպահ ձայներով բանաձեւ է ընդունել Վենեսուելայում իրավիճակի վերաբերյալ»,- նշվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ էր արել Ամերիկյան պետությունների կազմակերպության երկրներին կասեցնել Վենեսուելայի անդամակցությունը: Վենեսուելայում կայացած վերջին նախագահական ընտրությունները Պոմպեոն «կեղծ» է անվանել: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իր հերթին հայտարարել է, որ երկիրն այլեւս չի մասնակցի ԱՊԿ-ի գագաթնաժողովներին: