Պորտուգալիայի գործող նախագահ, 71-ամյա պահպանողական Անիբալ Կավակու Սիլվայի հաղթանակով են ավարտվել նախագահական ընտրությունները: 53,1 տոկոս ձայներով նա հաղթել է արդեն առաջին փուլում, հաղորդում է BBC-ն:

Գործող նախագահի հիմնական մրցակից,74-ամյա սոցիալիստ Մանուել Ալեգրեն ստացել է ձայների 19,7 տոկոսը: Երրորդ տեղը գրավել է անկախ թեկնածու Ֆերնանդու Նոբրեն` 14 տոկոս:

Ընտրողների մասնակցությունը կազմել է 46,7 տոկոս:

1974թ. «Մեխակների հեղափոխությունից» հետո Պորտուգալիայի բոլոր նախագահները վերընտրվել են, հիշեցնում է DPA-ն:

Պորտուգալիայի նախագահն օժտված է ներկայացուցչական գործառույթներով եւ ունի երկիրը կառավարելու սահմանափակ հնարավորություններ: Նախագահն իրավունք ունի նշանակել վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ: Սիլվան հայտարարել է, որ խորհրդարանը ցրելու մտադրություն չունի: