Թուրք հայտնի ցեղասպանագետ Թաներ Աքչամի «Հայերի բռնի իսլամացումը. լռություն, ժխտում և ուծացում» աշխատության հայերեն թարգմանված գրքի շնորհանդեսը տեղի է ունենալու 2018 թ. Հունիսի 19–ին, Գյուլբենկյան 38 հասցեում։
Շնորհանդեսին կմասնակցի Հայաստանի Ամերիկյան համալսարանի հրավերով այդ օրերին Երևանում գտնվող հեղինակը՝ Թաներ Աքչամը։
Երևանում տպագրված հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամի ներկայացվող գիրքը բաղկացած է երեք բաժնից:
Առաջին բաժնում հեղինակը խոսում է Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցով անաչառ կերպով զբաղվելու անհնարինության, այդ գործում իր կրած դժվարությունների և պետության կողմից իր դեմ կազմակերպված հալածանքների մասին:
Երկրորդ բաժնում ներկայացվում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օսմանյան բանակում ծառայած հայազգի սպա Սարգիս Թորոսյանի հուշերի թուրքերեն հրատարակության շուրջ ծավալված խտրական ու կողմնակալ քննարկումների պատմությունը, որի ընթացքում Թ. Աքչամի նկատմամբ դարձյալ սկիզբ է առնում զրպարտությունների, անհիմն մեղադրանքների և հալածանքների մի մեծ արշավ:
Երրորդ բաժնում հեղինակը հարուստ փաստական հենքի վրա ներկայացնում է հայերի բռնի իսլամացման և ուծացման քաղաքականությունը 1915-1918 թթ.: Թ. Աքչամը պատմությանը քիչ հայտնի այս երևույթները գնահատում է որպես Հայոց ցեղասպանության կառուցվածքային տարրեր:
Գիրքը թարգմանվել և հրատարակության է պատրաստվել Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում: Թարգմանիչն է թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանը, իսկ պատասխանատու խմբագիրը` հայագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Հայկազուն Ալվրցյանը:





























