Մարդիկ միջատներ են ուտում ոչ միայն սովի կամ աղքատության պատճառով։ Աշխարհի բազմաթիվ երկրներում դրանք համարվում են դելիկատես, վաճառվում են բարձր գնով և օգտագործվում որպես մշակութային ժառանգության մաս, գրել է The Conversation-ը։

Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում, Ասիայում և Օվկիանիայում սննդային ավանդույթների հետազոտությունը ցույց է տալիս, որ միջատների օգտագործումը նախ և առաջ կապված է տեղական սննդային սովորույթների, համի և շրջակա բնության մասին գիտելիքների հետ։

Արևմտյան երկրներում միջատներին սովորաբար ընկալել են որպես գյուղատնտեսական մշակաբույսերի վնասատուներ, հիվանդություններ տարածողներ կամ պարզապես տհաճ արարածներ։ Սակայն աշխարհի այլ տարածաշրջաններում մարդիկ վաղուց ի վեր դրանք ներառել են իրենց սննդակարգում։ Այսօր տարբեր երկրներում սննդի մեջ օգտագործվում է ավելի քան 2 000 տեսակի միջատ, որոնցով սնվում են հարյուր միլիոնավոր մարդիկ։

20-րդ դարի սկզբին եվրոպացի հետազոտողները նման պրակտիկան հաճախ նկարագրում էին որպես «պրիմիտիվ ցեղերի» տարաշխարհիկ սովորություն։ Միևնույն ժամանակ, գիտնականներն արդեն այն ժամանակ նշում էին միջատների սննդարար արժեքը։ 2013 թվականին ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) նույնպես ուշադրություն դարձրեց դրանց ներուժին՝ որպես սպիտակուցի և այլ անհրաժեշտ նյութերի աղբյուր։ Միջատները պարունակում են սպիտակուց, վիտամիններ, հանքանյութեր և չհագեցած ճարպաթթուներ։ Սակայն դրանց սննդարար արժեքը միշտ չէ, որ մարդկանց կողմից նման սնունդ ընտրելու գլխավոր պատճառն է։

Պատկերացումները, թե ինչն է համարվում միջատ և ինչ դեր է այն խաղում սննդակարգում, տարբեր մշակույթներում տարբեր են։ Օրինակ՝ Մեքսիկայում նյուու-սավի ժողովրդի կամ միշտեկների լեզվում միջատների համար առանձին կատեգորիա չկա․ դրանք դասում են «փոքր կենդանիների» շարքին, որոնց մարդիկ բնության մեջ գտնում են՝ ինչպես սունկը, բույսերը և որսը։ Բրազիլիայի Նորդեստե շրջանում մրջյուններ հավաքելն էլ են որս անվանում։

Քանի որ միջատներին հաճախ հավաքում են բնության մեջ, իսկ դրանց օգտագործման ավանդույթը հիմնականում պահպանվել է որոշ բնիկ և պակաս ապահովված համայնքների մոտ, նման սնունդը երկար ժամանակ կապվում էր աղքատության հետ։ Սակայն այս պատկերացումը միշտ չէ, որ համապատասխանում է իրականությանը։ Բրազիլական Նատալ քաղաքի բնակիչների սննդային սովորույթներն ուսումնասիրած մարդաբանները հայտնաբերել են, որ մարդիկ երբեմն ամաչում էին պատմել տանաժուրաների՝ խոշոր թևավոր մրջյունների օգտագործման մասին, որոնց մայրացուները հայտնվում են զուգավորման թռիչքի ժամանակ։ Նորդեստե շրջանը պատմականորեն տառապել է երաշտներից, ուստի սննդի հավաքման տեղական ավանդույթները հաճախ ընկալվել են որպես հետամնացության նշան։ Մինչդեռ տանաժուրաները սովածների սնունդ չեն համարվում․ սա սեզոնային դելիկատես է, որը հայտնվում է տարվա մեջ միայն մեկ անգամ։ Պարենամթերքի պակասի ժամանակ մարդիկ ավելի շուտ ուտում են օսլայով հարուստ բույսեր, արմատապտուղներ և արմավենու պտուղներ։

Միջատները կարող են օգնել լրացնել սպիտակուցի, վիտամինների և հանքանյութերի պակասը, բայց սովորաբար քաղցը չեն հագեցնում այնպես արդյունավետ, ինչպես օսլայով հարուստ մթերքները։ Դրանք ուտում են նաև այն մարդիկ, որոնք հասանելի են միսը և կենդանական սպիտակուցի այլ աղբյուրներ։ Շատ դեպքերում որոշիչ գործոնը դառնում է համը։

Միջատների որոշ տեսակներ վերածվել են թանկարժեք դելիկատեսների։ Օրինակ՝ Մեքսիկայում էսկամոլես մրջյունների ձվերն ու բոժոժները կոչում են «մեքսիկական խավիար» և մատուցում թանկարժեք ռեստորաններում։ Արևադարձային Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի երկրներում գնահատվում են արմավենու բզեզների թրթուրները, իսկ մոպանեի թրթուրները վաճառվում են Աֆրիկայի ամբողջ հարավային հատվածում։ Ընդ որում, որոշ վնասատուների օգտագործումը կարող է լրացուցիչ օգուտ բերել․ արմավենու բզեզների թրթուրների հավաքն օգնում է սահմանափակել դրանց տարածումը գյուղատնտեսական տնկարկներում։

Միջատներ հավաքելը պահանջում է հատուկ գիտելիքներ․ անհրաժեշտ է հասկանալ, թե որտեղ են դրանք բնակվում, որ բույսերի վրա են զարգանում, տարվա որ եղանակին են հայտնվում և ինչ եղանակային պայմաններ են նպաստում դրանց զանգվածային հայտնվելուն։ Բացի այդ, այս աշխատանքը կարող է լինել վտանգավոր և աշխատատար, իսկ միջատների պատրաստումը հաճախ հիմնվում է սերնդեսերունդ փոխանցվող բաղադրատոմսերի վրա։

Պահանջարկի աճին զուգընթաց՝ որոշ տեսակներ ավելի ու ավելի թանկ են դառնում։ Մեքսիկայում ավանդական խոհանոցի, այդ թվում՝ միջատներից պատրաստվող ուտեստների նկատմամբ հետաքրքրությունն ուժեղացավ այն բանից հետո, երբ մեքսիկական խոհարարական ավանդույթները միջազգային ճանաչում ստացան որպես մշակութային ժառանգություն։ Միջատների վաճառքը լրացուցիչ եկամուտ է բերում գյուղական ընտանիքներին, թեև միաժամանակ կարող է նրանց զրկել այն սննդարար մթերքից, որը կարող էին իրենք ուտել։

Որոշ մարդկանց համար քաղաք տեղափոխվելուց հետո նման սննդից հրաժարվելը դառնում է կենսակերպի փոփոխության մաս։ Մյուսները, հակառակը, շարունակում են միջատներ ուտել՝ ընդգծելով իրենց կապը հայրենի եզերքի, բնիկ ավանդույթների և տեղի պատմության հետ։ Իսկ նոր քաղաքային սպառողները հաճախ նման ուտեստներ են փորձում հետաքրքրությունից դրդված կամ նորաձևությանը հետևելով։