Ճապոնիայի ՌՕՈւ երկու F-15 կործանիչների օդաչուները շաբաթ ծայրաստիճան վտանգավոր իրավիճակ էին ստեղծել Օկինավա կղզու Նահա քաղաքի օդանավակայանում, որտեղ նրանք քիչ էր մնում բախվեին ուղեւորատար օդանավին։ ՏԱՍՍ-ը հայտնել է, որ օդաչուները չէին լսել հրահանգիչի հրահանգը, որը արգելում էր նրանց մտնել թռիչքուղի։

Արդյունքում F-15 օդանավերից մեկը հայտնվել է թռիչքուղու վրա, երբ այնտեղ պատրաստվում էր վայրէջք կատարել ճապոնական  Ryukyu Air Commuter ավիաընկերության Bombardier ուղեւորատար օդանավը, որտեղ 85 ուղեւոր կար ու անձնակազմի անդամները։

Դիսպետչերը կարողացել է կանգնեցնել այդ օդանավի վայրէջքը, երբ այն գտնվում էր ընդամենը 300 մ բարձրության վրա։ Երկու կործանիչները օդ են բարձրացել, նույնիսկ չնկատելով վտանգը։ Այնուհետեւ բարեհաջող վայրէջք է կատարել նաեւ ուղեւորատար օդանավը։

Նահա քաղաքի օդանավակայանը օգտագործվում է եւ քաղաքացիական եւ ռազմական ավիացիայի համար։ Երկու կործանիչները օդ էին բարձրացել, որպեսզի բռնեն անհայտ օտարերկյա օդանավ, որը հայտնվել էր Ճապոնիայի օդային տարածքի սահմանի մոտակայքում։ Տեղի ավիացիոն իշխանությունները սկսել են հետաքննել միջադեպը։