Ֆրանսիայում Էդեն անունով 14-ամյա դեռահասը ստացել է ծնոտի կոտրվածք և ատամների բազմաթիվ վնասվածքներ այն բանից հետո, երբ ուսանողական բողոքի ակցիաների ժամանակ ոստիկաններից մեկը մոտ տարածությունից նրա ուղղությամբ արցունքաբեր նռնակ է նետել։ Տուժածի ընտանիքը սպանության փորձի վերաբերյալ հայտարարություն է ներկայացրել, հայտնել է Reuters գործակալությունը։

Միջադեպը տեղի է ունեցել անցյալ շաբաթ Փարիզի արվարձանում գտնվող Սեն-Ուեն-լ'Օմոն քաղաքում։ Ընտանիքի փաստաբան Էլզա Մարսելի խոսքով՝ դեռահասը նստած է եղել պատի վրա՝ բողոքի վայրից մի քանի մետր հեռավորությամբ, և նայել է հեռախոսին։ Տեղի դատախազության վարկածով՝ ոստիկանը մոտեցել է նրան և հարվածել մահակով, ինչից հետո Էդենը պատասխանել է ոտքով հարվածելով։ Մյուս ոստիկանը Cougar հատուկ նռնականետից արցունքաբեր նռնակ է արձակել դեռահասի ուղղությամբ՝ վնասելով նրա դեմքը։

«Նա նռնակն արձակել է նրա բերանին և թողել գետնին պառկած՝ նույնիսկ շտապօգնություն չկանչելով», — հայտարարել է փաստաբանը։

Երեքշաբթի՝ դեպքից ութ օր անց, ոստիկանին պաշտոնապես ներգրավել են քննության մեջ՝ պաշտոնատար անձի կողմից բռնություն գործադրելու կասկածանքով, որը հանգեցրել է աշխատունակության կայուն կորստի կամ խեղման։ Դատախազության տվյալներով՝ ոստիկանը պնդում է, որ փորձել է պաշտպանել իրեն և գործընկերներին այն բանից հետո, երբ դեռահասը բախման մեջ է մտել ոստիկանների հետ։ Ոստիկանությունում հրաժարվել են մեկնաբանել հետաքննությունը։

Էդենի գործը Ֆրանսիայի ազգային ոստիկանության վերահսկողության տեսչության (IGPN) 24 քննություններից մեկն է, որոնք կապված են ավելի քան երկշաբաթյա ուսանողական բողոքների ընթացքում իրավապահների կատարած գործողությունների հետ։ Reuters-ի տվյալներով՝ գործակալությունը նաև փաստագրել է ոստիկանության գործողությունների հետևանքով ստացված վնասվածքների 28 դեպք։ Տուժածների թվում կան դեռահասներ, որոնք կորցրել են տեսողությունը կամ ստացել ծանր խեղումներ։ Դեպքերից մեկում 15-ամյա դպրոցականի դաստակը կտրվել է՝ ենթադրաբար լուսաձայնային նռնակի պայթյունի հետևանքով։ Դրանից հետո ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը կասեցրել է նման նռնակների կիրառումը մինչև քննության ավարտը։

Նունյեսը հայտարարել է, որ վնասվածքներ է ստացել մոտ 200 աշակերտ, սակայն, նրա խոսքով, միայն հազվադեպ են դրանք դարձել ոստիկանության գործողությունների հետևանք։ Իշխանությունները նաև հայտնել են 700 տուժած ոստիկանների, դպրոցների հրկիզումների և ջարդուփշուր անելու, ուսուցիչների ու անցորդների վրա հարձակումների մասին։ Պաշտոնական տվյալներով՝ ոստիկանությունը ձերբակալել է 6 877 մարդու, որոնց մեծ մասը՝ անչափահասներ։

Ֆրանսիացի իրավապահների կողմից ռետինե փամփուշտների և նռնականետերի կիրառումը նման միջոցների օգտագործումն արգելելու նոր կոչեր է առաջացրել։ Իրավապաշտպանները, այդ թվում՝ Amnesty International-ը, դրանք համարում են վտանգավոր և սպառնալիքին անհամաչափ։ Ոստիկանության ներկայացուցիչները, ընդհակառակը, պնդում են, որ նման միջոցներն անհրաժեշտ են կարգուկանոն պահպանելու և բռնության պայմաններում աշխատակիցներին պաշտպանելու համար։

Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի հետազոտող Սեբաստիան Ռոշը իրավիճակն անվանել է բացառիկ․ նրա խոսքով՝ 12 օրվա ընթացքում արձանագրվել է անչափահասների կողմից ստացված անդառնալի վնասվածքների չորս դեպք։ Վարչապետ Սեբաստիեն Լեքորնյուն ավելի վաղ ներկայիս ցույցերը բնութագրել էր որպես ամենադաժանը վերջին տասնամյակներում։ Բողոքի ակցիաները նաև ուժեղացրել են երկրում քաղաքական լարվածությունը 2027 թվականի նախագահական ընտրություններից առաջ։