Կոլումբիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է թեկնածու Իվան Դուքեն՝ ստանալով 10,3 մլն ձայնից ավելի (53,97 տոկոս), հայտնում է ազգային ընտրական խորհուրդը՝ 99,8 տոկոս թվեաթերթերը հաշվելուց հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Նրա մրցակից Գուստավո Պետրոն ստացել է 8 մլն ձայնից մի փոքր ավելի (41,81 տոկոս):

Կոլումբիայում ընտրելու իրավունք ունի ընդհանուր 36,2 մլն մարդ, ինչը, հաշվի առնելով ընտրությունների ժամանակ անվավեր եւ դատարկ քվեաթերթերը, նշանակում է, որ ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել է ընտրողների կեսից մի փոքր ավելին:

Նոր նախագահը պաշտոնը 4 տարով ստանձնելու է ընթացիկ տարվա օգոստոսին:

Նախարարի որդին իրավաբան է

Իվան Դուքե Մարկեսը ծնվել է 1976 թվականի օգոստոսի 1-ին Բոգոտայում (Կոլումբիա): Նրա հայրը՝ Իվան Դուքե Էսկոբարը եղել է հանքերի նախարարը (1985-1986) Բելիսարիո Բետանկուրեի նախագահության ժամանակ, Անտիոկին դեպարտամենտի նահանգապետը (1981-1982) եւ ազգային հաշվառողը (1998-2002):

Իվան Դուքեն իրավաբանություն է ուսումնասիրել Սերխիո Արբոլեդա համալսարանում, միջազգային տնտեսական իրավունք՝ Ամերիկյան համալսարանում (American University, ԱՄՆ) եւ պետական կառավարում՝ Ջորջթաունի համալարանում (Georgetown University, ԱՄՆ), ուսումնառություն է անցել նաեւ Հարվարդի բիզնեսի դպրոցում (Harvard Business School, ԱՄՆ):

Նա իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1999 թվականին որպես Անդյան զարգացման կորպորացիայի խորհրդական, այնուհետեւ եղել է ֆինանսների նախարար Խուան Մանուել Սանտոսի (Կոլումբիայի նախագահն է 2010-ի օգոստոսի 7-ից) խորհրդականը:

2001-2013 թվականներին Իվան Դուքեն աշխատել է Միջամերիկյան զարգացման բանկում (BID): 2001-2010 թվականներին եղել է Կոլումբիայի, Պերուի եւ Էկվադորի գործադիր դիրեկտորատի ավագ խորհրդական, 2010-2013 թվականներին զբաղեցրել է մշակույթի, ստեղծագործության եւ համերաշխության բաժնի պետի պաշտոնը:

Իվան Դուքեն եղել է Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեի խորհրդականը, երբ նա մտել է ՄԱԿ միջազգային հանձնաժողովի մեջ, որը քննել է 2010 թվականի մայիսի 31-ին Գազայի ափերին Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ միջադեպի հագամանքները:

2014 թվականին նա Սենատ է ընտրվել «Դեմոկրատական կենտրոն» կուսակցությունից, որը ղեկավարում է Ալվարո Ուրիբեն:

2017 թվականի դեկտեմբերին Իվան Դուքեն «Դեմոկրատական կենտրոն» կուսակցության կողմից նախագահի թեկնածու է առաջադրվել:

Իվան Դուքեն ամուսնացած է Մարիա Յուլիանա Ռուիսի հետ, ով փաստաբան է, 10 տարուց ավելի աշխատել է Վաշինգթոնում Ամերիկյան պետությունների կազմակերպությունում: Զույգը 3 երեխա ունի: