ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հունիսի 19-ին, չհայտարարված այցեր են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն», «Դատապարտյալների հիվանդանոց» եւ «Վարդաշեն»  քրեակատարողական հիմնարկներ, ինչպես նաեւ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ հացադուլ հայտարարած մի քանի ազատազրկվածների հետ, ուսումնասիրվել են նրանց մատուցվող բուժօգնությանն առնչվող հարցերը, տրամադրվել է անհրաժեշտ խորհրդատվություն:

Ստուգվել են նաեւ նշված վայրերում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաեւ բողոքներին առնչվող փաստաթղթերը:

Այցի արդյունքների հիման վրա կձեռնարկվեն համապատասխան միջոցներ արձանագրված խնդիրների լուծման նպատակով: