«Ֆաստ կրեդիտ կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի մասնաճյուղում տեղի ունեցած զինված ավազակային հարձակման գործով https://news.am/arm/news/444315.html մեկ անձ ձերբակալվել է:

Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ավազակային հարձակումը տեղի է ունեցել ապրիլի 2-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում. դիմակավորված անձը, զենքի նմանվող առարկաներով՝ ատրճանակով և նռնակով զինված, մուտք է գործել Երևանի Խուդյակով փողոցում գործող «Ֆաստ կրեդիտ կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գրասենյակ և հաճախորդի ու աշխատակիցների կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել գումար։ Նախնական տվյալներով՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը աշխատակցից վերցրել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 6 մլն դրամ գումար և դիմել փախուստի։

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել դատագենետիկական,  դատաբժշկական փորձաքննություններ:

Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, որը հանդիսանում է Կոտայքի մարզի բնակիչ՝ ծնված 1989թ.: Վերջինս հունիսի 24-ին ձերբակալվել է: Կասկածյալը հարցաքննվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ, նրա մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: