Եթե հակառակորդի մոտ զորքերի տեղաշարժ է տեղի ունենում, ապա համապատասխան արձագանք պետք է լինի եւ անհրաժեշտության դեպքում դա պետք է նաեւ կանխվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Կարին» համույթի գեղարվեստական ղեկավար, ազգային պարարվեստի գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Գագիկ Գինոսյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում Ադրբեջանի զիուժի տեղաշարժերին եւ կուտակումներին:
Նրա խոսքով, եթե հակառակորդը զորքերի տեղաշարժ է իրականացնում, պետք է արձագանքել մոլբիլիզացիան հստակեցնելով, համապատասխան ուժերը վերադասավորելով այն կետերում, որտեղ կուտակումներ կամ ուժերի վերադասավորում կա. «Անհրաժեշտության դեպքում միջազգային կառույցներին զգուշացնելով ուղղակի պետք է կանխել այդ կուտակումները: Միջազգային կառույցներին ցույց ենք տալիս հակառակորդի կուտակումները եւ ասում ենք՝ կներեք, մեր ազգային անվտանգությունից ելնելով մենք ստիպված ենք կանգնեցնել իրենց: Կամ դուք կանգնեցրեք իրենց, կամ մենք հարվածում ենք»,-ասաց Գինոսյանը:
Հարցին, թե համաձա՞յն է տեսակետին, որ դա պետք է արվեր, բայց չի արվել, նա արձագանքեց. «Ես չգիտեմ ինչ է արվել, քանի որ ՊՆ–ն փակ կառույց է։ Հնարավոր է՝ ներսում շատ ավելի լուրջ բաներ են արվում, քան ես ասում եմ հիմա»:
Գագիկ Գինոսյանը ցավով նկատեց, որ մոբիլիզացիան Հայաստանում զրոյական վիճակում է. «Մոբիլիզացիան պետք է այնքան բարձր մակարդակի լինի, որ եթե հանկարծ տագնապի ձայն հնչի, յուրաքանչյուր հայ տղամարդ իմանա, թե որ զինկոմիսարիատ գնա, որ սենյակ մտնի, ում դիմի, որտեղից զենք ստանա, ում հետ որ մեքենայով մեկնի դիրքեր, ում հրամանատարության տակ, որ խրամատ եւ այլն։ Եթե այդպիսի մոբիլիզիացիա լինի, ոչ մի թուրք, ոչ ոչ մեզ համար սարսափ չի ներկայացնի։ 2016 թվականին ավելի մեծ տագնապ էր այն, որ մոբիլիզացիան չէր իրականացվում, ուղղակի իրար վրա լցված բոլորը հասել էին Ստեփանակերտ, եւ ոչ ոք չգիտեր որտեղ կարող է պիտանի լինել։
Վստահ եմ՝ եթե մոբիլիզացիայի հիմքը օր առաջ դրվի, թուրքը մեկընդմիշտ կհրաժարվի Հայաստանի վրա հարձակվելու մտքից անգամ։ Մոբիլիզացիան պետք է հստակ ձեւակերպում ունենա։ Օրինակ, երբ 2016-ին «Կարին» ջոկատի տղաներով դիմեցինք ՊՆ եւ ասացինք, որ ուզում ենք մեկնել ճակատ, մեզ ասացին՝ իսկ ո՞ւր եք ուզում մեկնել, որտե՞ղ ուղարկենք ձեզ: Ես հակատանկայինզ ենքի մասնագետ եմ, պետք է դուք ասեք, թե որտեղ դրա կարիքը կա: Քեֆի՞ եմ գնում, որ հարցնում եք, սեղանի որ մասում եմ ուզում նստել խմել: Սա ի՞նչ մոտեցում է»,-նշեց Գինոսյանը:
Նա ընդգծեց, որ 2016-ի ապրիլին էլ խուճապը որ կար, մոբիլիզիացիայի բացակայությունից էր, որի համար ոչ ոք չպատժվեց. «Դուք պատկերացնո՞ւմ եք Հայաստանում որքան միլիոնավոր դրամներ են ծախսվել մոբիլիզացիայի վրա, որը գոյություն չունի։ Պատասխանատուները երբեք չեն պատժվել։ Բոլորը խոսում են կոռուպցիայից, մենակ վառելանյութ, մենակ ճաշ ու սննդամթերք չեն գողացել հայոց բանակից, այդ գումարները ծախսվել են մոբիլիզիացիայի վրա, իսկ հետքերը իսպառ բացակայում են։ Այսօր սննդամթերքից ու փամփուշտից անգամ առավել կարեւոր է, որ մեզանից յուրաքանչյուրը իմանա ինչ անել, երբ հնչի տագնապ։ Եթե այդպիսի աշխատանք տարվի, թուրքը մղձավանջային երազում էլ չի մտածի հարձակում գործել Հայաստանի վրա: Բայց նա գիտի, որ ապրիլյան դեպքերի նման տուշոնկեն կերել է մի գեներալը, վառելանյութը թռցրել է մյուս գեներալը եւ ամեն ինչ մնալու է զինվորի վրա»,-ասաց նա:





























