Գործող կարգավորումներով պետական մարմինը որեւէ իրավասություն չունի միջամտելու բանկի գործունեությանը: Այս մասին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսում նշել է Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով «Նուռ» եւ նմանատիպ վարկատեսակներին:

Մասնավորապես, օգտատերը նշել է, որ մայրը «Նուռ» վարկատեսակից է օգտվել, սակայն պարզվել է, որ արդեն 4 տարի վճարում է միայն տոկոսները ու չի կարողանում դուրս գալ վարկի բեռից:

Ջանջուղազյանն այս առնչությամբ նշեց. «Կարեւոր է բացահայտել նաեւ, թե ինչու են առաջացել «Նուռ» եւ նմանատիպ վարկերը: Երբ երեխան սկսում է մեծանալ, ծնողները սկսում են նրան ռիսկերից հեռու պահել, օրինակ՝ չի կարելի գրիչը մտցնել վարդակի մեջ: Հետո մարդը գալիս է մի վիճակի, երբ պաշտպանված է արտաքին ազդակներից: Մենք երեւի միանգամից ենք այս անցումը կատարել, եւ մարդիկ ավելի քիչ են տեղեկացված հնարավոր ռիսկերից: Այդ գործիքներ ստեղծողները հնարամիտ են եւ կարողանում են «ծուղակը գցել» մարդկանց, որոնք ավելի քիչ տեղեկացված են:

Սա այդպիսի դրսեւորումներից մեկն է: Խնդրի լուծումը տեղեկացվածության աստիճանը բարձրացնելն է: Պետք է չօգտվել նման հնարավորությունից, որովհետեւ որեւէ վարկից կամ առաջարկից օգտվելուց առաջ պետք է հաշվել: Քանի դեռ չեք հաշվել, պետք չի մտնել դրա տակ: Դա պարզ գայթակղություն է»,- հայտարարեց նախարարը:

Նրա խոսքով, առաջին հայացքից դա գրավիչ է. «Բայց, ինչպես տեսնում ենք, մարդը վաղուց օգտագործել է այդ գումարը, գուցե չի էլ նկատել դրա տված արդյունքը, բայց դրա դիմաց շարունակում է իր պարտավորությունը եւ հայտնի էլ չէ, թե երբ կավարտվի»: