Էրդողանի ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը 2002 թվականից հետո առաջին անգամ խորհրդարանում չունի ձայների 50+1 տոկոսը: Այս մասին հունիսի 26-ին «Քաղաքական մոզաիկան՝ Թուրքիայում ընտրություններից հետո. հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

«Նախնական տվյալներով՝ խորհրդարանում 600 մարդուց «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը  293 կամ 294 պատգամավոր ունի, ինչը, բնականաբար, թույլ չի տալիս միանձնյա իշխանություն ձեւավորել: Սակայն այս խնդիրը լուծվել էր դեռ ընտրություններից առաջ, քանի որ կոալիցիոն կառվարությունը նշվել էր դաշինքի հետ, որով եւ գնաց ընտրությունների («Ազգայնական շարժում» կուսակցություն): Պարադոքսն այն է, որ միայն Էրդողանը ավելի շատ ձայներ է ստացել, քան երկու կուսակցությունների դաշինքը: Եվ սա կարելի է բացատրել այն հանգամանքով, որ Էրդողանին ձայն տված հատվածն իր ձայնը տվել է նաեւ բլոկին: Իսկ այդ ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. «Արդարություն եւ զարգացում» կուսակցություն՝ 42 տոկոս, Ազգայնական շարժման կուսակցություն՝ 11 տոկոս»,- ասաց թուրքագետը: