Քանի դեռ Հայաստանը ի դեմս Ադրբեջանի ունի ոչ ադեկվատ հակառակորդ, չի հաջողվելու ինչ–որ արդյունքի հասնել, քանի որ նրա մոտ միշտ կան գերեվարված հայեր։ Այս մասին հունիսի 27-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ ղեկավար Ռիմա Առաքելյանը։
Նրա խոսքով, գերիների փոխանակման հարցը պետք է դրվի քաղաքական մակարդակի վրա. «Դուք հիշում եք՝ խոսակցություններ էին գնում ինչ–որ տարածքների մասին, որը չէր բխում մեր պետության շահերից։ Մենք ցանկանում ենք ամեն ինչ իմանալ մեր որդիների, ամուսինների, եղբայրների մասին, բայց որ մեր երկրի շահերի հաշվին»,–պարզաբանել է Առաքելյանը։
Նա նաեւ հաղորդել է, որ արդեն Պաշտպանության նախարարությանն են ներկայացրել իրենց կողմից մշակված ծրագրեր։ Ռիմա Առաքելյանը ընդգծել է, որ զոհված ու անհետ կորած զինվորների ընտանիքները նյութական օգնության եւ պետության աջակցության կարիք ունեն, քանի որ նվիրաբերել են ամենաթանկ բանը, որ ունեին։





























