Համացանցում հայտնվել են Թաիլանդի հյուսիսային Չիանգմայ նահանգում Թհամ Լուանգ քարանձավից  ֆուտբոլի պատանեկան թիմի եւ դրա մարզչի տարհանման առաջին կադրերը: փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Բրիտանական ITV հեռուստաալիքը Twitter-ում տեսանյութ է հրապարակել, որում շտապօգնության ավտոմեքենան հեռանում է փրկարարական գործողությունների վայրից:

«Թաիլանդի Չիանգրայ քաղաքի մոտակայքի փողոցները փակ են, քանի որ շտապօգնությունը շտապում է տղաներին հիվանդանոց հասցնել»,- գրել է օգտատերերից մեկը՝ իր էջին համապատասխան տեսանյութ տեղադրելով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թհամ Լուանգ քարանձավում արգելափակված տասներկու երեխաներից չորսին հաջողվել է դուրս հանել ջրի մակերեսի վրա: Պատանի մարզիկները տեղափոխվել են Չիանգրայ քաղաքի հիվանդանոց: Եւս երկուսը քարանձավից դուրսբերման ճանապարհին են, հայտնել է փրկարարական օպերացիայի ղեկավար Նարոնգսակ Օսոթհանակոնը:

Տարհանման օպերացիային 90 ջրասուզակ է մասնակցում, որից 50-ն անտասահմանցիներ են: Երեխաների դուրսբերման օպերացիայում ներգրավված է 10 արտասահմանցի եւ 5 թաիլանդցի դայվեր, մնացածը զբաղված են փրկարարական օպերացիայի ապահովմամբ: