Դերասան եւ Քալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հելսինկիում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսում «փոքրիկ թթված մակարոնի» տեսք ուներ:

«Նախագահ Թրամփ, ես հենց նոր դիտեցի նախագահ Պուտինի հետ ձեր մամուլի ասուլիսը, եւ դա ամոթալի էր: Դուք այնտեղ կանգնած էիք ինչպես եփած մակարոն, ինչպես փոքրիկ ֆանատ: Ինքս ինձ հարցնում էի՝ ե՞րբ նրանից ինքնագիր կամ սելֆի կխնդրեք»,- ասել է Շվարցենեգերը Twitter-ի իր էջում հրապարակված տեսաուղերձում:

Դերասանի կարծիքով՝ մամուլի ասուլիսում Թրամփը դավաճանել է ամերիկյան հետախուզությանը, արդարադատության համակարգին եւ ընդհանրապես երկրին: «Դուք ԱՄՆ նախագահն եք, դուք չպետք է դա անեք: Ի՞նչ է ձեզ պատահել»,- դժգոհել է Շվարցենեգերը, որն, ինչպես Թրամփը, հանրապետական է:

Իր ուղերձի վերջում ծագումով Ավստրիայից դերասանը ծանր հոգոց է արձակել: 

Պուտինի եւ Թրամփի առաջին ամբողջական ձեւաչափով հանդիպումն անցկացվել էր երկուշաբթի Հելսինկիում: Նախագահները նախ ավելի քան 2 ժամ զրուցել են դեմ առ դեմ, որից հետո ճաշել են ընդլայնված կազմով, այնուհետեւ պատասխանել են լրագրողների հարցերին: Հանդիպման արդյունքներով նրանք հայտարարել են 2 երկրների հարաբերությունների բարելավմամբ շահագրգռության մասին: