Եթե անձը կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից է, ապա ինքնուրույն կարող է ընտրել կենսաթոշակային ֆոնդ, որտեղ կուտակվելու է իր գումարը, եւ ֆոնդի կառավարիչ, որն այդ միջոցներով կատարելու է ներդրումներ` իր համար եկամուտ ապահովելու նպատակով:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.

«Կենսաթոշակային ֆոնդ ընտրելով` մասնակիցն ընտրում է այն քաղաքականությունը, որով կառավարվելու են նրա գումարները, եւ, համապատասխանաբար, եկամտաբերությունը. որքան ռիսկային է ֆոնդը, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ եկամուտները բարձր կլինեն, եւ հակառակը:

Կայուն եկամտային ֆոնդը ցածր ռիսկային է եւ ապահովում է կայուն, սակայն ցածր եկամուտ: Այս ֆոնդի միջոցներն ամբողջությամբ ներդրվում են պարտատոմսերում եւ բանկային ավանդներում:

Պահպանողական ֆոնդը միջին ռիսկային է` միջին եկամտաբերությամբ. ֆոնդի միջոցների մինչեւ 25 տոկոսը ներդրվում է ռիսկային ֆինանսական գործիքներում (բաժնետոմսեր), իսկ մնացած մասը` պարտատոմսերում եւ բանկային ավանդներում:

Հավասարակշռված ֆոնդը բարձր ռիսկային է, ավելի մեծ է նաեւ բարձր եկամտաբերության հավանականությունը: Ռիսկային գործիքներում ներդրումները հասնում են մինչեւ 50 տոկոսի:

Այս երեք տիպի կենսաթոշակային ֆոնդերը կառավարում են երկու կառավարիչները` «Ցե Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթը» եւ «Ամունդի Ակբա Ասեթ Մենեջմենթը»: Երկու ընկերությունների պաշտոնական կայքերում կարելի է գտնել ֆոնդերի եկամտաբերության մասին տեղեկությունները, որոնք նույնպես կարող են օգնել ընտրություն կատարելիս:  

Կուտակային համակարգին նոր միացած մասնակիցները ֆոնդ եւ կառավարիչ կարող են ընտրել արդեն այսօր` առանց սպասելու, որ իրենց համար կատարվի առաջին հատկացումը: Ներկայացնելով կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում` մասնակիցը արդեն այդ պահից սկսած կունենա իր անհատական կենսաթոշակային հաշիվը, որի միջոցով կհետեւի իր կուտակային հատկացումներին:

Իսկ նրանք, որոնց համար նախկինում ավտոմատ համակարգն է ընտրություն կատարել, ցանկացած ժամանակ կարող են փոխել ընտրված ֆոնդն ու կառավարիչը:

Ֆոնդի ընտրությունը կարելի է կատարել առցանց` www.epension.am կայքի ԻՄ ՀԱՇԻՎԸ համակարգի միջոցով` եթե ունեք նույնականացման քարտ եւ քարտը կարդացող սարք, կամ հաշվի օպերատորների միջոցով: Վերջինները միջնորդ օղակ են մասնակցի եւ Կենտրոնական դեպոզիտարիայի միջեւ, որտեղ եւ բացվում ու պահպանվում են կենսաթոշակային հաշիվները:

Հաշվի օպերատորներն են` Արդշինբանկը, Էյչ-Էս-Բի-Սի բանկը, Կոնվերս բանկը, Հայբիզնեսբանկը, Հայփոստը, ՎՏԲ Հայաստան բանկը: Հաշվի օպերատորին անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր եւ հանրային ծառայության համարանիշ կամ միայն նույնականացման քարտ:

Սահմանված ժամկետներում (առաջին հատկացումը Կենտրոնական դեպոզիտարիա փոխանցվելուց եւ մասնակցի համար կենսաթոշակային հաշիվ բացվելուց հետո 30 օր) մասնակցի կողմից ընտրություն չկատարելու դեպքում ավտոմատ համակարգը, պատահական ընտրության սկզբունքով, կընտրի կառավարիչներից մեկի պահպանողական ֆոնդը:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար քաղաքացիները կարող են դիմել 114 անվճար թեժ գծին կամ նամակ ուղղել այս էջի միջոցով: