Ռուսաստանի հետաքննչական կոմիտեի հետաքննչական գլխավոր վարչությունը միջնորդություն է ներկայացրել կալանել ՌԴ պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանին՝  խարդախության համար:

«Եղիազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում, որոշում է կայացվել կալանքի տակ վերցնել պատգամավորի ունեցվածքը եւ 13,6 հազար քմ տարածքով տունը, որը գրանցված է «Դաեւ պլազա» ընկերության անունով»,- ասել է Հետաքննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:

Բացի այդ, քննիչը միջնորդել է կալանել նաեւ Աշոտ Եղաիզարյանին:

Ավելի վաղ Մոսկվայի Բասմաննի դատարանը կալանք տակ էր դրել  Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանի ունեցվածքը: Մասնավորապես կալանք է դրվել նրա դրամական միջոցների վրա, որ փոխանցում է «Ցենտուրիոն Ալյանս» ընկերությունը, եւ «Դաեւ պլազա»-ի 100 տոկոս բաժնետոմսերի վրա:

Դատարանը նաեւ կալանք տակ է դրել «Եվրոպարկ» առեւտրային համալիրի շենքի վրա, որը գտնվում է Ռուբլյովյան խճուղում, 83 հազար քմ տարածքի վրա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Եղիազարյանին մեղադրանք է ներկայացված առանձնապես խոշոր չափերի մեքենայությունների մեջ: Դեկտեմբերի վերջին նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, քանի որ Եղիազարյանն ընտանիքի հետ ապրում է Լոս-Անջելեսում եւ հրաժարվել է վերադառնալ: