Առաջին բանակային զորամիավորման շրջանակում օրերս անցկացվել է եռօրյա հրամանատարաշտաբային զորավարժություն, որի ընթացքում իրականացվել են զորավարժության մտահղացմամբ նախատեսված պաշտպանական եւ հարձակողական օպերացիայի պլանավորման, նախապատրաստման ու վարման, շտաբերի բացազատման, հիմնական եւ պահեստային ուժերի վերադասավորման, ընդգրկված անձնակազմի, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի տեղաբաշխման, ուժերի եւ միջոցների արդյունավետ կիրառման աշխատանքներ:
Հրամանատարաշտաբային զորավարժության ժամանակ ներգրավված զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, իրականացվել են հրամանատարական եւ ղեկավարման կետերի ծավալման, կահավորման աշխատանքներ:
Զորավարժության ղեկավար, զորամիավորման հրամանատար, գնդապետ
Ժիրայր Պողոսյանին զորամասերի հրամանատարները զեկուցել են պաշտպանական մարտի մտահղացման վերաբերյալ, կատարվել է տեղազննում: Տեղանքում զորավարժության ղեկավարը ստորաբաժանումների հրամանատարությանը ցուցումներ է տվել աշխատանքի կազմակերպման վերաբերյալ, կազմվել է տեղազննման պլան, համապատասխան օղակներն անցել են հաշվարկների կատարման:
Ճշգրտվել են նաեւ հակառակորդի հավանական գործողությունները՝ հաշվի առնելով զորամիավորման հրամանատարի որոշման բոլոր մանրամասները, մշակվել եւ հաստատվել են մարտի նախապատրաստման եւ վարման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
1-ին բանակային զորամիավորումում անցկացված եռօրյա հրամանատարաշտաբային զորավարժությունները ցույց տվեցին, որ անձնակազմի պատրասության մակարդակը բարձր է, զինծառայողներն ունակ են կատարելու առաջադրված մարտական խնդիրները:





























