Հայաստանում քաղաքականությամբ ես զբաղվել եմ 1991 թվականից եւ ես լրագրող էի, որն այնքան շատ էր գրում ռազմական, դիվանագիտական, քաղաքական թեմաներով եւ դա հիանալի դպրոց էր քաղաքական գործիչ լինելու համար: Այս մասին Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա պատասխանել է նաեւ հեռուստաալիքի այն հարցին, թե արդյոք ինքը եւ իր թիմը (կառավարության անդմաները) շատ երիտասարդ չեն եւ արդյոք նա բավականաչափ փորձ ունի վարչապետի պաշտոնի համար՝ հաշվի առնելով այն փաստը, որ նա միջազգային քաղաքականության մեջ մեծ փորձ չունի, զինվորական չէ, Ադրբեջանի հետ լարված հարաբերություները եւ վարչապետի բավական երիտասարդ տարիքը. նա ընդամենը 43 տարեկան է:
«Գիտեք, երբ մեր խորհրդարանում հանրապետական պատգամավորը փորձեցին ցույց տալ, որ ես բավականաչափ փորձ չունեմ վարչապետ լինելու համար, ես նրանց հիշեցրեցի Նելսոն Մանդելայի պատմությունը, ով 26 տարի շարունակ բանտարկյալ էր մինչեւ Հարավաֆրիկյան հանրապետության նախագահ դառնալը: Այնպես, որ ես ուղղակի ասացի, որ ես քաղաքականությամբ զբաղվել եմ 1991 թվականից ես լրագրող էի, որն այնքան շատ էր գրել ռազմական, դիվանագիտական, քաղաքական թեմաներով: Դա հիանալի դպրոց էր քաղաքական գործիչ, նախարար, վարչապետ լինելու համար, որովհետեւ ես հետեւում էի այդ բոլոր մարդկանց եւ հոդվածներում գրում էի այն մասին, ինչն էր ճիշտ նրանց գործողություններում եւ ինչն էր սխալ», - պատասխանել է վարչապետը:





























