Եթե Հայաստանում քաղաքական իրավիճակը մնա այնպիսին, ինչպիսին հիմա է, ապա հանրապետությունում արտահերթ ընտրությունները տեղի կունենան հաջորդ տարի: Այս մասին Al Jazeera հեռուստատալիքին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր կարեւորագույն նպատակն է իսկապես ժողովրդավարական, թափանցիկ եւ ազատ ընտրությունների անցկացումը: Մեր խնդիրն այն է, որ մյուս քաղաքական գործիչների համար անսպասելի էին քաղաքական փոփոխությունները եւ նրանց համար սա անսպասելի իրավիճակ է: Եթե մենք հիմա արտահերթ ընտրություններ անցկացնենք, դա մյուս քաղաքական գործիչների համար ոչ այնքան հավասար իրավիճակ կլինի, մենք չենք ուզում անհավասար քաղաքական դաշտ ունենալ: Մենք ուզում ենք մեր քաղաքական հակառակորդներին ժամանակ տալ, որպեսզի նրանք պատրաստվեն ընտրություններին», -ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հեռուստաալիքի հարցին այն մասին, թե չի ցանկացել արդյոք նա, որպեսզի արտահերթ ընտրությունները ավելի վաղ անցկացվեն, քան մեկ տարի անց:





























