Եռօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ հուլիսի 27-ին Կապանի համայնքապետարանի աշխատակազմին, ավագանու անդամներին և բնակավայրերի վարչական ղեկավարներին է ներկայացրել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՏԿԶ նախարարության մամուլի ծառայությունից:
Շնորհավորելով Նարեկ Ղահրամանյանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Սուրեն Պապիկյանը նշել է, որ ՀՀ տարբեր մարզերում և համայքներում ձևավորված հանրային փոփոխությունների պահանջը թափանցում է հանրապետության գրեթե բոլոր ոլորտներ և իշխանությունների խնդիրն է ապահովել այդ գործընթացների սահուն և հանգիստ կազմակերպումը։
«Մենք պարտավոր ենք հաղթահարել այն տարաձայնությունը, որ առկա է համայնքային բնակչության սպասումների և առկա իրավիճակի միջև ու համատեղ ջանքերով հասնել համայքների տնտեսական և սոցիալական բարեկեցությանը»,-ասել է նախարարը։ Նա ընդգծել է, որ Հայաստանի կառավարության համար առանցքային նշանակություն ունի տարածքների համաչափ զարգացումն ու ապակենտրոնացումը և միաժամանակ հավելել, որ այս գործում չափազանց կարևոր է մարզպետարանի, համայնքապետարանի և ավագանու անդամների համաձայնեցված ու արդյունավետ աշխատանքը։
Սուրեն Պապիկյանը համոզմունք է հայտնել, որ Նարեկ Ղահրամանյանը մեծ պատասխանատվությամբ ու պատվով կկատարի հանրապետության չորրորդ քաղաքի ղեկավարի իր պարտականությունները և ունակ կլինի պատշաճ կազմակերպել առաջիկայում սպասվող ընտրությունները։
Նարեկ Ղահրամանյանը շնորհակալություն է հայտնել Կապան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պատասխանատու պաշտոնը իրեն վստահելու համար և հավաստիացրել, որ համագործակցության, ակտիվ աշխատանքի և կապանցիների գործուն աջակցության շնորհիվ հնարավոր կլինի երկրում արձանագրված դրական փոփոխություններն արագ հասցնել Կապան համայնք։





























