Էկվադորի նախագահ Լենին Մորանոն չի կարգադրել, որպեսզի Ջուլիան Ասանժը հեռանա Լոնդոնում այդ երկրի դեսպանատնից: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով El Telegrafo-ն:
«Էկվադորի կառավարությունը Կապի ազգային նախարարության միջոցով պարզաբանում է, որ նախագահ Լենին Մորանոն ոչ մի կարգադրություն չի տվել, որպեսզի WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը լքի Լոնդոնում դեսպանատունը»,- ասված է հայտարարությունում:
Էկվադորի նախագահն այս շաբաթ Մեծ Բրիտանիայում էր, որտեղ մասնակցել է հաշմանդամների աջակցության հարցերով գլոբալ գագաթնաժողովին: The Independent-ի պնդմամբ՝ Էկվադորի առաջնորդն այցի ժամանակ Լոնդոնի պաշտոնական ներկայացուցիչների հետ բանակցել է բրիտանական ոստիկանությանը Ասանժի փոխանցման պայմանների շուրջ:
Մորենոն ուրբաթ Մադրիդում ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Ասանժն «ի վերջ պետք է լքի Լոնդոնում Էկվադորի դեսպանատան պատերը», բայց դրան «հարկ է հասնել երկխոսության ճանապարհով»: Նախագահն ընդգծել էր, որ Կիտոյում ցանկանում են Լոնդոնից երաշխավորություն ստանալ, որ WikiLeaks-ի հիմնադրի կյանքը «վտանգի չի ենթարկվի»:





























