ՀՀ ոստիկանությունը ձերբակալել է Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանին: Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանը մեկն է այն երեք երիտասարդներից, որոնք հուլիսի 1-ին ոստիկանների կողմից ծեծի էին ենթարկվել Աբովյան փողոցի վրա՝ հանրահավաքի իրազեկման թռուցիկները բաժանելու ժամանակ:

Տիգրան Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել քր.օր.-ի 258 հոդվածի 3-րդ մասով (Խուլիգանություն), իբր նա ծեծի է ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակից Էրիկ Պողոսյանին:

Առաքելյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ Առաքելյանը ներկայումս գտնվում է Ձերբակալվածների ժամանակավոր պահման մեկուսարանում: Գիվի Հովհաննիսյանը հայտնեց, որ հուլիսի 5-ին, ժամը 13-ին Առաքելյանին հրավիրել են ոստիկանության Կենտրոնի բաժին եւ հարցաքննել որպես վկա: Այնուհետեւ տեղի է ունեցել առերեսում «տուժող» Էրիկ Պողոսյանի հետ, որն էլ հայտարարել է, թե իրեն ծեծել է հենց Տիգրան Առաքելյանը: Ի դեպ, Էրիկ Պողոսյանը մարտի 1-ի մի շարք գործերով հանդես էր գալիս որպես վկա. Նա ցուցմունք է տվել նաեւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի դեմ:

Առերեսման ժամանակ Տիգրանն էլ նշել է, որ դեռ մի բան էլ իրեն են ծեծել, ինքը որեւէ ոստիկանի չի հարվածել: «Ոստիկաններն իրենք են հարձակվել, փորձել բուկլետները խլել, բարձրախոսը խլել, հիմա էլ երիտասարդների վրա են փորձում մեղքը բարդել: Ապօրինի, ակնհայտ ապօրինի է Տիգրան Առաքելյանւի ձերբակալությունը: Երեխաները իրազեկում էին հաջորդ օրվա հանրահավաքի մասին, ոստիկաններն էլ հարձակվել են, որ խլեյն, ու ծեծի են ենթարկել: Քաղաքական նկատառումներով է այս ամենը կատարվում»,- NEWS.am-ին ասաց Գիվի Հովհաննիսյանը:

Ի դեպ, ոստիկանությունը հուլիսի 1-ին հայտնել էր, թե Էրիկ Պողոսյանին՝ ծեծված եւ անգիտակից վիճակում տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Պաշտպանը նաեւ նշեց, որ երեկվա հարցաքննությանը Պողոսյանը ներկայացել է գլուխը փաթաթած, բայց դեմքին եւ մարմնի մասերին բռնության որեւէ հետք չի եղել: Պաշտպանը նաեւ նշեց, որ հարցաքննության ժամանակ Տիգրան Առաքելյանի նկատմամբ բռնություն չի գործադրվել:

Նշենք նաեւ, որ ոստիկանությունը երեկ հարցաքննել է նաեւ հուլիսի 1-ին ծեծի ենթարկված եւ ուղեղի ցնցում ստացած 16-ամյա Սահակ Մուրադյանին եւ նրանից ստորագրություն վերցրել հանրապետությունից չբացակայելու համար: Իսկ այսօր ոստիկանություն է հրավիրվել ծեծի ենթարկված երրորդ երիտասարդը՝ անչափահաս Հերբերտ Գեւորգյանը, որը քթի կոտրվածք էր ստացել հուլիսի 1-ին:

Ի դեպ, ոստիկանության լրատվության վարչությունը հաստատել է, որ ծեծկռտուքին ոստիկաններ են մասնակցել, սակայն, ըստ տարածած հաղորդագրության, ոստիկանության աշխատակիցները «ծառայություն կատարելիս նկատել են վիճաբանող շուրջ 60 քաղաքացիների, մոտենալով նրանց` ցույց են տվել ծառայողական վկայականները եւ պահանջել, որ դադարեցնեն վիճաբանությունը, սակայն հավաքվածները տեղեկանալով, որ նրանք ոստիկանության ծառայողներ են, հարձակվել են վերջիններիս վրա, փայտե մահակներով, ձեռքերով ու ոտքերով ծեծի ենթարկել նրանց»: