Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կկրճատի իր ամառային արձակուրդը, որ փորձի համոզել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մեղմել իր դիրքորոշումը Brexit–ի հարցում, հայտնում է The Times թերթը։
Պարբերականի տվյալներով՝ օգոստոսի 3-ին նախատեսված հանդիպմանը Մեյը կխնդրի Մակրոնին սատարել անվտանգության ոլորտում համագործակցությունը շարունակելու գաղափարը ԵՄ—ից Բրիտանիայի դուրս գալուց հետո։ Մեյը նաեւ կփորձի երաշխիքներ ստանալ, որ Ֆրանսիայի նախագահը կօգնի Միացյալ Թագավորությանը հասնել համապարփակ առեւտրային գործարքի, որի կնքմանը խոչընդտում է Brexit–ի հարցով ԵՄ գլխավոր բանակցող Միշել Բարնյեն։
Մակրոնի հետ հանդիպումը Մեյի ռազմավարության մաս է կազմում՝ ուղիղ փոխգործակցել եվրոպական երկրների ղեկավարների հետ՝ շրջանցելով Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին, քանի որ Բրյուսելը կոշտ դիրքորոշում է զբաղեցրել հուլիսին Մեյի ներկայացրած ծրագրի նկատմամբ, որով Բրիտանիան առաջարկում է ազատ առեւտրի գոտի ստեղծել ԵՄ–ի հետ միությունից Բրիտանիայի դուրս գալուց հետո։
Թերթի բարձրաստիճան աղբյուրը Ելիսեյան պալատից զգուշացրել է, որ Մեյը չպետք է մեծ հույսեր կապի այդ հանդիպման հետ, քանի որ Ֆրանսիայի նախագահը հաստատուն կերպով կանգնած է ԵՀ կողքին։





























