2040 թվականին եվրոպական երկրների խոշորագույն օդանավակայաններին ծանրաբեռնվածության լուրջ աճ է սպասվում չվերթների եւ ուղեւորների հոսքի ավելացման պատճառով։ Այս մասին հայտնում է RTBF հեռուստաալիքը՝ վկայակոչելով Օդային շարժման անվտանգության եվրոպական կազմակերպության հետազոտությունը։

Ըստ փորձագետների եզրահանգումների՝ ծանրաբեռնվածության աճի գլխավոր պատճառը լոուքոսթերների զարգացումն է։ 22 տարի անց եվրոպական օդանավակայանները կիրականացնեն 4 միլիոնով ավելի չվերթներ, ուղեւորների հոսքը կավելանա 360 մլն մարդով։ Հետազոտողների կարծիքով՝ 7 անգամ կավելանան ավիաչվերթների ուշացումները ավելի քան մեկ ժամով, որը կվերաբերի 500 000 ուղեւորի, փոխանցում է ՌԲԿ-ն։

Մասնագետները առաջարկել են ընդարձակել օդանավակայանների տարածքը կամ կրճատել չվերթների քանակը ինքնաթիռներում տեղերի ավելացման հաշվին։ Բացի այդ, ծանրաբեռնվածության խնդիրը կարող է լուծել տարածաշրջանային օդանավակայանների զարգացումը։