Stylist սթարթափը մշակել է ողջ Հայաստանով գեղեցկության սրահների եւ վարպետների ընտրության հարթակ: Նույնանուն հավելվածը ներկայացվել է Sevan Startup Summit 2018-ում:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նախագծի product owner Խաչատուր Թովմասյանը նշեց, որ Stylist հավելվածը թույլ է տալիս օգտատերերին առանց ժամանակ կորցնելու պատվիրել եւ օգտվել վարսահարդարի, դիմահարդարի, մատնահարդարի եւ գեղեցկության այլ մասնագետների ծառայություններից:
«Գեղեցկության սրահներ զանգելը եւ մասնագետների հետ պայմանավորվելը բավական երկար եւ ձանձրալի գործընթաց է: Մեր հավելվածով բավական հեշտ է անհրաժեշտ սրահ կամ վարպետ գտնելը. ընդամենը մի քանի քլիք եւ կարելի է ցանկացած ժամանակ ստանալ ցանկալի վարպետի ծառայությունները»,- նշեց Խաչատուր Թովմասյանը:
Նրա խոսքով, հավելվածը օգտակար է ոչ միայն գեղեցկության սրահներ այցելողների, այլեւ սրահների համար, քանի որ այն թույլ կտա զգալիորեն ավելացնել հաճախորդների թիվը:
«Հավելվածը գտնվում է ծրագրավորման փուլում. iOS օպերացիոն համակարգով աշխատող տարբերակը պատրաստ է, եւ շուտով կմշակվի Android-ի համար տարբերակը: Համագործակցության մասին նախնական պայմանավորվածություններ արդեն կան մի քանի գեղեցկության սրահների հետ եւ ծրագիրը մի քանի ամիս հետո կդառնա բիզնես», - ասաց product owner-ը:
Նա նշեց, որ ամբողջ տեղեկատվությունը stylist.am կայքում ըստ բաժինների է դասակարգվելու: Տեղեկատվությունը հնարավոր կլինի ֆիլտրել ըստ սրահների գտնվելու վայրի, վարկանիշի, վարպետների, ծառայությունների տեսակների եւ այլ չափանիշների: Այստեղ կարելի է ծանոթանալ նաեւ այլ վարպետների աշխատանքների հետ:
«Առաջին փուլում պետք ծրագրում ենք համագործակցություն հաստատել մոտ 100 գեղեցկության սրահների հետ՝ զեղչային պայմաններով. 2 տոկոս Stylist հավելվածով պատվիրած ծառայության արժեքից: Կես տարուց, երբ հաճախորդների թիվը (գրանցված սրահների) կհասնի 200-300-ի եւ կբարձրանա ծառայություներից գանձվող կոմիսիան, այդ ժամանակ պետք է կսկսենք եկամուտ ստանալ»,-նշեց Խաչատրյանը:





























