Կառավարությունում «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲ ընկերության խորհրդի նիստն այսօր՝ փետրվարի 1-ին վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը, որի ընթացքում հաստատվել է գործակալության հաշվետվությունը:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օրակարգի առաջին հարցով «ԶՀԳ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը զեկուցել է նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ:
Խորհրդի անդամների ուշադրությանն է ներկայացվել գործակալության 2010թ. տարեկան գործունեության հաշվետվությունը։ Մասնավորապես, իր զեկույցում Ռոբերտ Հարությունյանն անդրադարձել է հաշվետու տարվա ընթացքում ներդրումների ներգրավման ու արտահանման խթանման ուղղությամբ իրականացված ծրագրերին եւ գործակալությունում իրականացվող բարեփոխումների ծրագրի շրջանակում կատարված աշխատանքների արդյունքներին: Նա տեղեկացրել է, որ 2010թ. գործակալության կողմից իրականացվել են ծրագրերի նախապատրաստման, հնարավոր ներդրողների որոնման եւ նրանց հետ բանակցությունների վարման, տեղեկատվական ու կազմակերպչական օժանդակության աշխատանքներ:
Մեկ այլ հարցով քննարկվել եւ հավանության է արժանացել «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի 2011թ. միջոցառումների ծրագիրը, որով նախատեսվում է ծրագրերի իրականացում մի շարք թիրախային ոլորտներում արտահանման խթանման, գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավման ու ՏՏ ոլորտի զարգացման ուղղությամբ։
Նիստում հաստատվել է նաեւ գործակալության 2011թ. ֆինանսական ծախսերի նախահաշիվը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է «ԶՀԳ» ՓԲԸ գլխավոր տնօրենին 2011թ. ծախսերի հիմնավորումներն ուղարկել ՀՀ ֆինանսների նախարարություն:





























