«Ընտրական օրենսգիրքը» պետք է լինի այնպիսին, որպեսզի բացառի մարտի 1-երի կրկնութունը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ նախագծին, որն ԱԺ առաջիկա քառօրյայի ընթացքում կդրվի շրջանառության մեջ։

Ըստ Արմեն Մարտիրոսյանի, «Ընտրական օրենսգրքի» նոր նախագիծը պետք է համապատասխանի ԵԽԽՎ բանաձեւերի պահանջներին, որտեղ հստակ ասվում է, որ նոր ընտրական օրենսդրությունը պետքէ մշակվի իշխանության եւ ընդդիմության համատեղ աշխատանքի արդյունքում։

«Մինչդեռ նոր օրենսգիրքը հեռու է այդ չափանիշներից, քանի որ ընդդիմությունն ընդհանրապես չի մասնակցել այդ նախագծի մշակման աշխատանքներին։ Ավելին՝ իշխանության ներկայացուցիչներից շատերն էլ տեղյակ չեն, որ ԱԺ-ում համապատասխան աշխատանքային խումբ է ստեղծվել, որը զբաղվում է ընտրական օրենսդրությամբ բարեփոխմամբ»,- ասել է ընդդիմադիր գործիչը, հավելելով, որ դա հիմք է տալիս ենթադրելու, որ սեղանին դրված «Ընտրական օրենսգիրքը» մշակվել է «որոշակի խմբում», որը հետո կոալիցիոն ուժերը վերցրել են իրենց պատասխանատվության տակ։

Ըստ Մարտիրոսյանի՝ եթե իշխանություններն իսկապես մտադիր էին մեծացնել հասարակական վստահությունը նոր օրենսգրքի նկատմամբ, ապա ընդդիմությունը եւս պետք է հրավիրվեր մասնակցելու դրա մշակմանը, «սակայն աշխատանքները պետք է տեղի ունենային ոչ թե արդեն պատրաստի նախագծի շուրջ, այլ՝մաքուր թղթի վրա»։

«Ժառանգության» պատգամավորն այն համոզմանն է, որ իշխանության նպատակն այն է, որպեսզի ընդդիմությանը ներքաշի նոր նախագծի շուրջ կազմված աշխատանքային խումբ եւ ընդդիմության անունը շահարկելով կատարված փոփոխությունները լեգիտիմացնի։ «Մինչդեռ արդյունքում ունենալու ենք այն ընտրությունները, ինչն ունեցել ենք նախկինում»,-հայտարարեց Մարտիրոսյանը:

Իշխող կոալիցիայի ներկայացուցիչ Հովհաննես Սահակյանը չհամաձայնեց Մարտիրոսյանի դիտարկմանը։ Նա նշեց, որ ընդդիմությունը ներկայացրել է «Ընտրական օրենսգրքի» իր տարբերակը, բոյկոտելով ու չմասնակցելով նոր նախագծի քննարկմանը: Պատգամավորը համոզված է, որ «ամեն ինչը բոյկոտելն ու արդեն իսկ կատարված փոփոխությունները սեւացնելը խնդրի լուծման լավագույն տարբերակը չէ»: