Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ այսօր՝ փետրվարի 2-ին հրավիրված ասուլիսում ուշագրավ ու շատ թեժ բանավեճ է ծավալվել խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների միջեւ։ Մասնավորապես, անդրադառնալով 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի ներդրման հնարավորությանը, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը հայտարարեց. «Մեզ համար ընդունելի չէ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը մի պարզ պատճառով, մեր քաղաքական համակարգը դեռեւս այնքան զարգացած չէ, որ մեր ժողովուրդը հեռավոր գյուղերում ու շրջաններում կարողանա ծանոթանալ կուսակացություններին, քաղաքական ուժերին, նրանց ծրագրերին, կատարած աշխատանքներին, գործառույթներին ու կարողանա ձայն տալ նրանց»։ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունից Արմեն Մարտիրոսյանը հակադարձեց իր կոլեգային՝ նշելով. «Հազար ներողություն, հեռուստատեսությունը ազատականացրեք, թող տեսնեն»։
Ի պատասխան Հովհաննես Սահակյանն արձագանքեց. «Ասենք, արջը յոթ երգ գիտի, յոթն էլ մեղրի մասին»:
«Որովհետեւ արջը պանիր չի սիրում, արջը մեղր է սիրում»,-գործընկերոջ ասածին արձագանքեց «Ժառանգության» ներկայացուցիչը, փորձելով դրանով ինչ-որ բան ակնարկել:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե մեծամասնական ընտրակարգը կիրառվում է, որպեսզի խորհրդարան անցնեն թաղային հեղինակությունները, քանի որ նրանց են տեսնում եւ լսում հեռավոր գյուղերի բնակիչները, Սահակյանը չհամաձայնեց։ Նա նշեց, թե կան մեծամասնականով ընտրված պատգամավորներ, որոնք թեեւ ամբիոններից ելույթ չեն ունենում, բայց պարկեշտ են ու իրենց ընտրողների հետ կապը մշտապես պահում են։ «Դե պարզ է, թե ընդդիմությունն ինչու է 100 տոկոս համամասնական ուզում, մի պարզ պատճառով, որ չունեն այն 41 ընտրյալները, որ տեղերում առաջադրվեն ու ընտրվեն պատգամավոր։ Դա նաեւ մենթալիտետի խնդիր է, եթե մի քիչ ավելի լուրջ պատասխանենք»,-ասաց իշխանական պատգամավորը։





























