Բաքու կատարած պաշտոնական այցի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդիպել է իրավապաշտպանների, քաղաքացիական ակտիվիստների եւ հետաքննող լրագրողների հետ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Մերկելը նրանց հետ հանդիպել է Ադրբեջանի իշխանությունների հետ պաշտոնական բանակցություններից հետո:

Ֆեյսբուքյան իր էջում Խադիջա Իսմաիլովան գրել է, որ Մերկելի հետ հանդիպման ժամանակ պատմել է երկրի բարձրագույն ղեկավարությունում կոռուպցիոն սխեմաների, բանտերում խոշտանգումների, իրավապաշտպանների կանոնավոր ձերբակալությունների, ինչպես նաեւ լրագրողի եւ փաստաբանի աշխատանքի վտանգավորության  մասին:

Դրանից մի քանի ժամ առաջ Մերկելը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպել էին երկու երկրների գործարարների հետ, որտեղ քննարկվել են երկկողմ համագործակցությունը, այդ թվում, էներգետիկ ոլորտում: