«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննեսյանը ստացել է Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի կողմից իրեն դատի տալու մասին հայցադիմումը եւ շուտով կպատասխանի դրան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կազմակերպության նախագահը:
Նշենք, որ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը դատական հայց է ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննեսյանի դեմ. Հարությունյանը պնդում է, որ Դանիել Իոաննեսյանն իրեն զրպարտել է, եւ 2 միլիոն դրամ փոխհատուցում է պահանջում:
«Մենք իրականացնելու ենք հետաքննություն, մենք ունենք ինֆորմացիա եւ ինֆորմացիայի հղումներ բավական ծանրակշիռ, այդ թվում՝ Գիտության պետական կոմիտեի նախկին պաշտոնատար անձանց օգնությամբ, եւ Սամվել Հարությունյանը չի պրծնի ընդամենը այդ դատական պրոցեսը պարտվելով»,- ասաց նա:
Դանիել Իոաննեսյանը տարակուսած է. ինքն այդպես էլ չհասկացավ, թե ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ո՞ր «արժանիքի» համար Սամվել Հարությունյանին վերանշանակեց պաշտոնում:
«Մենք բոլորս էլ գիտենք, որ Սամվել Հարությունյանի, գողական ժարգոնով ասած, «կրիշը» Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանն էր, եւ ինչո՞ւ է հիմա Արայիկ Հարությունյանը վերանշանակել Սամվելին այդպես էլ պարզ չէ՝ ո՞ր արժանիքի համար: Եթե Արայիկ Հարությունյանն այդ հարցի պատասխանը տա, շատ շնորհակալ կլինեմ»,- հավելեց Իոաննեսյանը:
Հիշեցնենք, որ Դանիել Իոաննեսյանը Գիտության պետական կոմիտեի վերանշանակված նախագահ Սամվել Հարությունյանին հրապարակավ կոռուպցիոներ է որակել, իսկ նրա նշանակումը՝ խայտառակություն:





























