Հեր-Հեր գյուղի մոտ օգոստոսի 25-ին բռնկված հրդեհը մարվել է այսօր առավոտյան:
Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ օգոստոսի 27-ին, ժամը 08:02-ին տեղեկություն է ստացվել, որ Զառիթափ գյուղի «Բնա» կոչվող տարածքում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:
Հրդեհը մարվել է ժամը 07:50-ին:
Այրվել են 20 հա խոտածածկույթ, 100 գիհի եւ ջերմահարվել է 30 բերքատու ծառ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԻՆ-ում օգոստոսի 25-ին, ժամը 14:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքից դեպի Հեր-Հեր գյուղ տանող ավտոճանապարհի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի, մարզային փրկարարական վարչության եւ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը (21 հրշեջ-փրկարար):
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 143-րդ կմ-ի մոտակայքում. այրվում են բուսածածկ տարածք եւ ծառեր:
Հրդեհաշիջմանը մասնակցել են 20 ոստիկան, N զորամասի 33 զինծառայող զինվորական եւ 26 բնապահպան:
Ըստ նախնական տվյալների՝ այրվում են 20 հա խոտածածկ տարածք եւ մոտ 120 ծառ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:18-ին: Աշխատանքները ավարտվել են ժամը 20:08-ին: Սահմանվել է հերթապահություն:





























