«Ժամանակ»-ի տեղեկություններով, Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրի զորամասում երեկ, ճաշից հետո, երբ ականազերծողների զորամիավորումը ճաշարանից վերադարձել է զորանոց՝ հանգստանալու, փոխգնդապետ, 33-ամյա Սարգիս Տարախչյանը մտել է այնտեղ եւ տեսնելով հանգստացող զինվորներին՝ հարձակվել է նրանց վրա:
Սկզբում բռունցքներով է ծեծել ժամկետային զինծառայողներին, ոմանց գլուխները խփել պատին, ապա ձեռքն է վերցրել փայտե աթոռն ու դրանով շարունակել ծեծը: Իսկ օրեր առաջ, նույն փոխգնդապետ Սարգիս Տարախչյանը զորախումբը ճաշի ժամին տարել կանգնեցրել է ճաշարանի մոտ, եւ առանց թույլ տալու, որ ճաշեն՝ բերել է զորանոց:
Թերթի տեղեկություններով, երբ աղմուկ է բարձրացել, Սարգիս Տարախչյանը, իր կաշին փրկելու համար, հենց երեկ տեղավորվել է զինվորական հոսպիտալում:




























