Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելի այցը Հարավային Կովկասի երկրներ, վկայում է, որ Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը, գտնվում են Բեռլինի ուշադրության եթե ոչ կենտրոնում, ապա ամեն դեպքում ոչ ծայրամասում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
Նրա խոսքով, Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները հետաքրքրություն են ներկայացնում Գերմանիայի համար, յուրաքանչյուրը՝ յուրովի: «Յուրաքանչյուր պետության հետ հարաբերություններում Բեռլինն ունի իր սեփական շահերը, եւ, ընդհանուր առմամբ բոլոր երեք երկրները դրական պահեր են արձանագրել Մերկելի այցից հետո: Գերմանիայում նույնպես գոհ են մնացել այս այցից»: Նրա կարծիքով Երեւանը, Բաքուն եւ Թբիլիսին ԵՄ-ի ամենաազդեցիկ երկրներից մեկի բարոյական աջակցություն են ստացել:
Պատասխանելով հարցին, թե Երեւանը Մերկելի այցից քաղաքական համատեքստում ինչ ստացավ, հաշվի առնելով, որ Գերմանիայի կանցլերը իր ելույթներում խուսափում էր «ցեղասպանություն» բառից, Մարկարովը նշել է, որ նա այցելել է Ցեղասպանության հուշահամալիր եւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ՝ դրանով ճանաչելով Բունդեսթագի դիրքորոշումը այս հարցում:
«Այսինքն նա այնպես արեց, որ եւ ոչխարները ողջ մնան, եւ գայլերը՝ կուշտ», - ասաց նա:
Խոսելով ղարաբաղյան հակամարտությանը Բեռլինի աջակցության պատրաստակամության հայտարարության մասին, Մարկարովը նշեց, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը պետք է ողջունել:
Նա նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխության համար որեւէ նախադրյալ չկա, ինչի կապակցությամբ դեռեւս պարզ չէ, թե ինչպես կարող է Բեռլինը օգնել:
«Երեւան այցից հետո Մերկելը Բաքվում հստակեցրեց իր դիրքորոշումը, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ Բեռլինը որոշել է միջնորդի դերում հանդես գալ:
Ամենայն հավանականությամբ, խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբին աջակցելու ջանքերի մասին է», - ասել է նա: Ցանկացած դեպքում հարցը պետք է կարգավորեն հակամարտության անմիջական կողմերը եւ հաշվի առնելով կողմերի ներկայիս դիրքորոշումները, կարգավորման հեռանկարները չեն երեւում, կարծում է քաղաքագետը:





























