Հայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է դրամավարկային քաղաքականության առաջին եռամսյակի ծրագիրը, որտեղ կանխատեսումներ կան միջազգային գների վերաբերյալ։

Մասնավորապես, նշված է, որ շաքարավազի միջազգային գները 2011 թ. հիմնականում կդրսեւորեն աճի միտումներ: Սա պայմանավորված կլինի համաշխարհային աննախադեպ պահանջարկով: Համաձայն ԱՄՆ Գյուղպետդեպարտամենտի գնահատումների՝ 2010/11 մարքեթինգային տարում շաքարավազի արտադրանքի սպասվող ծավալները կկազմեն 161.9 մլն տոննա, իսկ կանխատեսվող սպառման 158.9 մլն տոննա ծավալի պարագայում վերջնական պաշարները կկազմեն 26.5 մլն տոննա:

Շուկայում սպասվող լարվածությունը կարող է առավել ուժգնանալ որոշակի քաղաքական բնույթի հիմնախնդիրներով (ԵՄ, Հնդկաստան), ինչպես նաեւ աշխարհի առաջատար արտադրող Բրազիլիայում 2011 թ. ակնկալվող ցածր բերքի սպասումներով պայմանավորված: Արդյունքում` շաքարավազի գները 2011 թ. կձևավորվեն 1 ֆունտի դիմաց 38 ցենտի սահմաններում:

Նշենք, որ ներկայում շաքարավազի միջազգային գինը գտնվում է մոտ 33 ցենտի սահմաններում, իսկ Երեւանում հունվարի վերջին շաքարավազի մանրածախ գինը թանկացավ մոտ 10 տոկոսով։