Մոսկվայի իշխանությունները առաջնահերթ միջոցառումների պլան են մշակել՝ 2011-2013 թվականների համար քաղաքում տաքսի ծառայության աշխատանքը կանոնակարգելու ուղղությամբ: Փաստաթուղթը ենթադրում է անօրինական տաքսիստների տուգանքի չափը հասցնել 30 հազար ռուբլու (շուրջ 1000 դոլար): Մինչ այդ այդ տուգանքի չափը 100 ռուբլի էր:

Մոսկվայի իշխանություններն այս խնդրին առավել ուշադրություն դարձրեցին «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած պայթյունից հետո, երբ մասնավոր տաքսիստներն, օգտվելով իրավիճակից, օդանավակայանից մարդկանց Մոսկվա հասցնելու համար պահանջում էին 20 հազար ռուբլի:

Ըստ նոր կանոնի, բոլոր տաքսի մեքենաների ղեկը պետք է լինի ձախ կողմից, նրանք պետք է ունենան 4 դուռ, էլեկտրոնային տաքսոմետր արբանյակային համակարգ, մանկական նստատեղ եւ ամեն կես տարին մեկ տեխզննում անցնեն:

Բացի այդ, տաքսու սրահում պետք է տեղեկություն փակցվի վարորդի, տաքսի ծառայության աշխատանքի սկզբի ու ավարտի մասին, նաեւ լինեն հեռախոսահամարներ: