Հայաստանի 5 խոշորագույն թռչնաֆաբրիկաները 2010 թ. ավելի քիչ հարկ են վճարել, քան 2009-ին։ Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է պետեկամուտների կոմիտեի հրապարակած խոշոր հարկատուների ցանկից։

Նշենք, որ թռչնաֆաբրիկաները 2010 թ. ամռանը զգալի վնասներ կրեցին՝ ձվի գների անկման պատճառով, սակայն դեկտեմբերին ստացան գերշահույթներ, քանի որ ձվի գինը հասավ իր պատմական ռեկորդային մակարդակին՝ գերազանցելով 100 դրամը։

Ինչպե՞ս են այս գնային տատանումները ազդել թռչնաֆաբրիկաների վճարած հարկերի վրա։ Այս առումով խոշորագույն հարկատուն «Արաքս» թռչնաֆաբրիկան է՝ 461 մլն դրամ (մոտ 1,2 մլն դոլար) եւ 161-րդ տեղ։ 2009 թ. այս ընկերությունը բյուջե էր փոխանցել 533 մլն դրամ (1,4 մլն դոլար) եւ զբաղեցնում էր 119-րդ տեղը։

Երկրորդ տեղում հայտնված Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկան զգալիորեն զիջում է առաջատարին՝ 160 մլն դրամ (մոտ 430 հազ. դոլար) եւ 480-րդ տեղ։ 2009 թ. այս ընկերությունը վճարել էր 288 մլն դրամ (մոտ 770 հազ. դոլար) եւ գտնվում էր 226-րդ տեղում։

Հիշեցնենք, որ 2010 թ. համառ խոսակցություններ էին պտտվում «Արաքս»-ի կողմից Լուսակերտի ֆաբրիկայի կլանման մասին, սակայն այդ գործարքը չկայացավ։

Գետամեջի թռչնաֆաբրիկան 2010 թ. վճարել է 140 մլն դրամ (375 հազ. դոլար) եւ գտնվում է 540-րդ հորիզոնականում։ Նշենք, որ 2009 թ. այս ընկերությունն ընդհանրապես բացակայել է խոշոր հարկատուների ցանկից։ Սա թերեւս այն եզակի դեպքն է, երբ թռչնաֆաբրիկան բարելավել է իր ֆինանսական ցուցանիշները։

Արզնու տոհմային թռչնաֆաբրիկան 2010 թ. բյուջեին վճարել է 128 մլն դրամ (մոտ 340 հազ. դոլար) եւ զբաղեցնում է 588-րդ տեղը։ Դրա նախորդող տարում ընկերությունը վճարել էր 147 մլն դրամ (մոտ 400 հազ. դոլար) եւ գտնվում էր 465-րդ տեղում։

Եւ վերջապես Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկան 2010 թ. վճարել է 125 մլն դրամ (մոտ 335 հազ. դոլար) եւ գտնվում է 600-րդ հորիզոնականում։ Նախորդող տարում ընկերությունը վճարել էր 144 մլն դրամ (մոտ 385 հազ. դոլար) եւ 472-րդ տեղում էր։