ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Եվրոպական միության առաջարկը չեղարկել ավտոմեքենաների ներկրման մաքսատուրքերը փոխադարձության սկզբունքով։ Bloomberg–ի հետ հարցազրույցում Թրամփն այդ առաջարկը ոչ բավարար է համարել, նշելով, որ եվրոպացիները նախընտրում են գնել եվրոպական, ոչ թե ամերիկյան ավտոմեքենաներ։  

Մի քանի ժամ առաջ առեւտրի հարցերով եվրոպական հանձնակատար Սեսիլիա Մալմստերը հայտարարել է, որ ԵՄ–ն ցանկանում է մաքսատուրքերը զրոյացնել, եթե ԱՄՆ–ն նույնն անի։  

Ներկայումս ԱՄՆ–ն 25 տոկոս մաքսատուրքեր է սահմանել թեթեւ բեռնատարների ու պիկապների համար եւ 2.5 տոկոս ավելի փոքր ավտոմեքենաների համար։ ԵՄ–ում գործում է 10 տոկոս մաքսատուրք բոլոր ուղեւորատար տրանսպորտային միջոցների համար։