Հայաստանում 2018 թվականի հունվար-հունիսին իրական հատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 39 միլիարդ 196 միլիոն դրամ. 2017թ. նույն ժամանակահատվածում դրանք կազմել էին 15 միլիարդ 844 միլիոն դրամ: Այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
2018 թ. երկրորդ եռամսյակում կատարվել է 525.5 մլն դոլարի ներդրում, որը 2017 թվականի երկրորդ եռամսյակի ցուցանիշից բարձր է 18 մլն դոլարով կամ 3.5%-ով։ Առաջին եռամսյակում ընդհանուր ներդրումների աճն ավելի մեծ էր՝ 116.4 մլն դոլար կամ 22.5%։
Ուղղակի ներդրումների գծով պատկերը հակառակն է. դրանք նվազել են: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում կատարվել է 186 մլն դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրում (2017թ. նույն ժամանակահատվածում՝ 194 մլն դոլար, այսինքն՝ ներդրումները նվազել են 8 մլն դոլարով): 2018թ. երկրորդ եռամսյակում ուղղակի ներդումները կազմել են 75.6 մլն դոլար, մինչդեռ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում՝ 1.331,9 մլն դոլար. նվազումը՝ 58.3 մլն դոլար կամ 43.5%:
Սա պայմանավորված է Ամուլսարի ծրագրի փաստացի դադարեցմամբ: Ջերսիից կատարված համախառն ներդրումների ծավալը 2018 թվականի մարտի վերջին և հունիսի վերջին նույնն է՝ 138.7 մլրդ դրամ. երկրորդ եռամսյակում ներդրումներ չեն իրականացվել:
Հայաստանում ուղղակի ներդրումների հոսք գրանցվել է Գերմանիայից՝ 10.4 մլրդ դրամ, ՌԴ-ից՝ 5.45 մլրդ դրամ, Մեծ Բրիտանիայից՝ 1.33 մլրդ դրամ, Արգենտինայից՝ 1.24 մլրդ դրամ եւ ԱՄԷ-ից՝ 1 մլրդ դրամ:
Օտարերկրյա ներդրողները չեն հենվում միայն բանավոր խոստումների վրա
Օտարերկրյա ուղղակի ներդրումների նվազումը բնական է: Եվ ինչո՞վ պայմանավորված պետք է ներդրումների աճ լիներ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
«Սա տնտեսություն է, այստեղ միայն խոսքով հնարավոր չէ ներդրում ապահովել: Ներդրումային քաղաքականություն իրականացնելու համար պետք է քաղաքական կամք, որպեսզի իրականացվեն համակողմանի, ինստիտուցիոնալ, իրավական բարեփոխումներ: Հուսանք, որ նոր իշխանությունը կիրականացնի այս ամենը»,- ասաց տնտեսագետը՝ նշելով, որ այս պահին դեռեւս չկա նկատելի արդյունք:
Ըստ Բոստանջյանի՝ օտարերկրյա ներդրողները դեռ զգուշավորություն են ցուցաբերում. «Ներդրում իրականացնողը՝ օտարերկրյա կամ ներքին, ակնկալում է շահույթ ստանալ որոշակի ժամանակ անց, իսկ երբ ռիսկերն անորոշ են լինում ու շատ, բնականաբար, ներդրումային գործընթացը զսպվում է: Այս պահին, օտարերկրյա ներդրումների առումով, դեռեւս զգուշավորություն կա»:
Ինչ վերաբերում է այս տարվա երկրորդ եռամսյակում գրանցված օտարերկրյա ուղղակի ներդրումների պակասին. ըստ տնտեսագետի՝ դա պայմանավորված է Ամուլսարի ծրագրով նախատեսված ներդրումների բացակայությամբ: «Փոքր հանրապետության պարագայում նույնիսկ մեկ կետի փոփոխության դեպքում կարող է իրավիճակ փոխվել՝ լավ կամ վատ ուղղությամբ: Տվյալ պարագայում, Ամուլսարի պատճառով ներդրումային գործունեության նվազեցում է գրանցվում»,- նշեց նա:
Խուճապի չմատնվել. երեք ամսում հրաշքներ չեն լինում
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը հորդորում է հանգիստ վերաբերվել վիճակագրական տվյալներին եւ օտարերկրյա ներդրումներ հասկացությանը:
«Օտարերկրյա ներդրումները դարձել են ինքնանպատակ մի ցուցանիշ: Նախորդ կառավարությունը նույնիսկ բացարձակ սուտ թվեր հրամցրեց հասարակությանը՝ ասելով, որ ներդրումները կազմել են 856 մլն, հետո՝ եւս 260 մլն, ինչը բացարձակ սուտ էր, քանի որ նոր աշխատատեղեր այդպես էլ չբացվեցին: Ավելի ազնիվ է խոստումներ չտալ եւ օգտագործել եղած ռեսուրսները, հատկապես, որ հանքարդյունաբերության հաշվին են ներդրումները նվազում այս պահին: Հայաստանի տնտեսությունը, բարեբախտաբար, կախվածություն չունի մեկ-երկու ապրանքից, ինչպես Ադրբեջանը, Ղազախստանը, Ռուսաստանը՝ ածխաջրածիններից»,- ասաց տնտեսագետը՝ նշելով, որ այս տեսանկյունից Հայաստանն ավելի շահեկան վիճակում է:
Նա նաեւ հորդորեց խուճապի չմատնվել օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալի անկման առիթով, քանի որ որոշ ժամանակ, հնարավոր է, օտարերկրյա ներդրումների անկում նկատվի. «Դրանք չէին էլ կարող երեք ամսում ավելանալ, այդպիսի հրաշք չէր կարող լինել, եթե մենք հետեւողական չենք իրատեսական տնտեսական ծրագիր մշակելու հարցում: Վերջին 27 տարիներին ես նման ծրագիր չեմ հիշում: Զուտ գեղեցիկ խոսքեր: Մինչ օտարերկրյա ներդումների մասին խոսելը՝ ես անպայման շեշտում եմ ներքին ներդրումների անհրաժեշտությունը: Երեք ամսում նոր կառավարությունն ինձ համար տպավորիչ քայլեր է անում բոլոր այն բնագավառներում, որտեղ 27 տարիների ընթացքում կուտակված լուրջ արատներ կան: Հենց վարչապետի անձով պայմանավորված՝ երեք-չորս ամիսների ընթացքում ֆինանսական ոլորտը դրական է արձագանքել. հեղափոխության շրջանում եւ դրանից հետո մենք չունեցանք ցնցումներ բանկային համակարգում, ազգային արժույթի հետ կապված»:
Նա, միաժամանակ, նշեց, որ ներկայիս կառավարության տնտեսական թիմը համալրման կարիք ունի, քանի որ ամեն մեկի գործը չէ տնտեսություն ղեկավարելը: «Այստեղ շատ լուրջ մտահոգության տեղիք կա»,- հավելեց Թաթուլ Մանասերյանը:




























