ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բաց կթողնի Սինգապուրում Արեւելյան Ասիայի գագաթաժողովը, հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Գագաթաժողովին, որը տեղի կունենա նոյեմբերի 11-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, Թրամփի փոխարեն կայցելի ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը: Նա նաեւ կմասնակցի նույն ամսվա ընթացքում Հարավային Ասիայի երկրների Ասոցիացիայի գագաթաժողովին (ASEAN):
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Արեւելյան Ասիայի գագաթաժողովին: Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չէր բացառել Պուտինի եւ Թրամփի միջեւ նոր հանդիպում նախապատրաստելու հնարավորությունը:
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Հելսինկիում կայացել էր Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի առաջին երկկողմ գագաթաժողովը: Հանդիպման ժամանակ, ինչպես պարզել է «Կոմերսանտը», Ռուսաստանն առաջարկել էր Միացյալ Նահանգներին վերահաստատել երկու երկրների հանձնառությունը զենքի վերահսկման 4 պայմանագրերին: Ամերիկյան կողմը չէր արձագանքել այս նախաձեռնությանը:





























