Հատկապես հեղափոխական շրջանում դատապարտված անձը ազատություն կարող է ստանալ նաեւ արտակարգ հանգամանքներում. քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանին անհապաղ ազատ արձակելու եւ արդարացնելու հարցը չի կարող պայմանավորվել միայն ներպետական իրավական ընթացակարգերի սահմանափակությամբ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 3–ին, հայտարարություն է տարածել Սասնա Ծռեր կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի քարտուղարությունը։
Հայտարարությունը պարզաբանում է. որեւէ անձ չի կարող ժխտել, որ թավշյա հեղափոխությունը պատմական նշանակությամբ արտակարգ հանգամանք էր Հայաստանի պետականության համար:
Չպետք է փորձել այդ հարցը լուծել ընդամենը նախկին բռնապետական ռեժիմի օրենքների կարգավորումներով։ Անկախ ամեն ինչից, պետք է չմոռանալ, որ նա բանտարկվել է հենց այդ օրենքներով եւ այդ ռեժիմի դատարանով։ Նման մոտեցումը ոչ այլ ինչ է, եթե ոչ խուսափում արդարության վերականգնումից։
Սասնա ծռերի համոզմամբ, իրավապահ համակարգը, մասնավորապես՝ ՀՀ Գլխավոր Դատախազությունը եւ Արդարադատության նախարարությունը, լիովին ազատ են արտակարգ հանգամանքի բերմամբ առաջնորդվելու միջազգային իրավունքի գերակայությամբ եւ դրան համահունչ մասով ու մեկնաբանությամբ կիրառելու ՀՀ օրենսդրության գործիքարանը եւ արդարացի լուծումներ տալու քաղբանտարկյալների ազատության հարցերին:
Հայտարարության մեջ ասվում է. «Հայաստանյան լայն հանրության համոզմամբ, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ի Իրավական հարցերի եւ Մարդու իրավունքների կոմիտեի թիվ 13011 զեկույցի հիման վրա 2012 թվականին ընդունված 1900 բանաձեւի չափանիշների, Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է: Այդ փաստը հաստատել է նաեւ հանրապետության վարչապետը»:
Սասնա ծռերը պատասխանատու բոլոր կառույցներին կոչ են անում հրատապ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի ազատ արձակումն ու նրա նկատմամբ կայացված ակնհայտ ապօրինի դատական ակտի վերանայումը։
Նշենք, որ Շանթ Հարությունյանը ձերբակալվել է 2013 թ–ի նոյեմբերի 5–ին, իսկ 2014 թ–ի հոկտեմբերի 17-ին դատապարտվել 6 տարվա ազատազրկման։ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, 2 ամիս ժամանակ էր տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մինչեւ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը նրան ազատ արձակելու պահանջով։ Վարչապետը ֆեյսբուքյան ասուլիսում պարզաբանել է ազատ արձակելու հնարավորությունները. Շանթ Հարությունյանը պատասխանել է ։
Նշենք նաեւ, որ ՊՊԾ գնդի գրավման համար դատապարտված, հեղափոխությունից հետո ազատ արձակված՝ Սասնա Ծռեր խմբավորման անդամները հանդես են եկել կուսակցություն ստեղծելու նախաձեռնությամբ։





























