News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ սեպտեմբերի 2-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Շանթ Հարությունյանի ազատ արձակման խնդրին՝ ասելով, որ ցանկացած պահի Շանթ Հարությունյանը կարող է հայտնվել ազատության մեջ՝ ստորագրելով կալանքի միջոցը փոխելու մասին դիմումը:

«Դե յուրե դատապարտված անձի պահման ռեժիմը փոխվում է, որից հետո նրան տրվում է արձակուրդ, նա մնում է 24-ժամյա արձակուրդի մեջ, ուղղակի ժամանակ առ ժամանակ պետք է գնա ինչ-որ տեղ եւ ստորագրի: Շանթ հարությանյանի գործով այս ռեժիմով Լիպարիտ Պետրոսյանը եւ Վարդան Վարդանյանը ազատության մեջ են, սակայն Շանթ Հարությունյանը մերժում է այս ձեւով ազատ արձակվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ անձամբ է հեռախոսազրույց ունեցել Շանթ Հարությունյանի հետ եւ խնդրել, որ համաձայնի այդ կերպ ազատ արձակվելուն:

«Ես Շանթ Հարությանի հետ հեռախոսազրույց ունեցա, եւ նա ասաց, որ պահանջում է, որ իրեն արդարացնել: Ես ասացի, որ դատական համակարգին հրահանգներ չեմ տալիս եւ չեմ կարող որեւէ մեկին ասել, որ նրան արդարացնեն, քանի որ մեր պայքարի ամենակարեւոր կետերից մեկն այն է եղել, որ մենք անկախ դատական համակարգ ունենանք: Ես ասացի, որ ժամանակին ես էլ եմ պայմանական ազատ արձակվել: Շանթն ասաց, որ համաձայն չէ, որ նման կերպ ազատ արձակվի, ես նրան խնդրեցի, ասացի, որ ճիշտ կլինի՝ հիմա այդ թուղթը ստորագրի, հայտնվի ազատության մեջ եւ ինձ նման ազատության մեջ պայքարի արդարացման համար: Շանթ Հարությունյանն ասաց՝ չէ, անընդունելի է: Ես ընկերաբար խնդրեցի, ասացի՝ Շանթ ջան, ինձ համար անհարամար է՝ ես լինեմ վարչապետի կաբինետում, դու լինես անազատության մեջ: Ինքը չհամաձայնեց, ես ասացի՝ ցանկացած պահի, երբ դու կցանկանաս, կհայտնվես ազատության մեջ»,- ասաց վարչապետը:

Նա նշեց, որ ինքն ընդունել է Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին, ասել է, որ համոզի Շանթ Հարությունյանին նման կերպ հայտնվել ազատության մեջ:

«Այս պահին այս մեխանիզմը կա, ես հանձնարարել եմ ստուգել՝ կա՞ այլ մեխանիզմ սա իրականացնելու համար, սակայն, ցավոք, առանց համագործակցության սա հնարավոր չի լինի իրականացնել: Եթե հիմա ուղղակիորեն բանտի դուռ բացվի, արդեն օրինականության խնդիրներ կառաջանան: Հեղափոխությունից հետո մենք խնդիր ունենք լուծել մեր առաջ դրված խնդիրները: Մենք չենք պատկերացնում, որ մեզ ասեն՝ գնացեք էդ խնդիրները ոնց ուզում եք՝ լուծեք: Ցանկացած պահի, երբ Շանթ Հարությունյանն այդ թուղթը կստորագրի, կհայտնվի ազատության մեջ»,- հավելեց վարչապետը:

Տպել
Ամենաշատ