«Տաշիր» ընկերությունների խումբն ու Comedy Club Production-ը կհամագործակցեն՝ Հայաստանի մայրաքաղաքում Comedy Club փառատոն անցկացնելու նպատակով: Փառատոնին կմասնակցեն նախագծի բոլոր ռեզիդենտները, շոու բիզնեսի, սպորտի, երաժշտության եւ կինոյի աստղեր: Փառատոնի գործընկերներն են նաեւ «Ֆորա Բանկ» բաժնետիրական առեւտրային բանկը, «ՌԻՈ» առեւտրի եւ ժամանցի կենտրոնների ցանցը, «Սինեմա Սթար» կինոթատրոնների ցանցը:
Փառատոնը կկայանա սեպտեմբերի 15-ին եւ 16-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Բեմ կվերադառնա Գարիկ Մարտիրոսյանը, որը Պավել Վոլյայի հետ միասին կշփվի հյուրերի հետ: Հատկանշական է, որ միջոցառումը կկայանա Երեւանի համար հոբելյանական տարում: Այսպիսով, Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող Comedy Club փառատոնն իր ուրախ նոտան կավելացնի քաղաքի եւ նրա բնակիչների մեծ տոնին:
Comedy Club Production-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Լեւինը նշել է. «Մեզ համար մեծ պատիվ է, որ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում կայանալիք Comedy Club փառատոնին «Տաշիր» ընկերությունների խումբը հանդես եկավ որպես գլխավոր գործընկեր: Հուսով եմ, որ այս միջոցառումը կդառնա եւս մեկ կարեւոր քայլ մեր երկարատեւ եւ բեղմնավոր համագործակցության ճանապարհին»:
Իր հերթին, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Հայկ Իգնաթյանը նշել է. «Գործընկերներին մենք միշտ ընտրում ենք հուսալիության սկզբունքով եւ մեծ հարգանքով ենք վերաբերվում Comedy Club Production-ի՝ հենց Հայաստանում նման միջոցառում անցկացնելու նախաձեռնությանը: Վստահ եմ, որ Երեւանում կայանալիք փառատոնը կդառնա քաղաքի 2800-ամյա հոբելյանի գլխավոր նվերներից մեկը եւ դրական զգացողություններ կպարգեւի ոչ միայն հայաստանցիներին, այլեւ ողջ աշխարհի հանդիսատեսներին»:





























